10-ամյա Հակոբն ուզում է մայրն այլևս չլացի ու չոր բարձին քնեն
10-ամյա Հակոբն ուզում է մայրն այլևս չլացի ու չոր բարձին քնեն
Sputnik Արմենիան գրում է․ Արտակարգ դրության այս օրերին շատերն են դժվար կացության մեջ հայտնվել, բայց կան ընտանիքներ, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է․ ո՛չ ուտելու բան ունեն, ո՛չ սեփական տանիք, իսկ դրսում հայտնվելու հավանականությունն օր օրի մեծանում է։
«Մամ, մի լացի»․․․այս խոսքերով ու խիստ տոնով է 10-ամյա Հակոբը դիմում մորը՝ Արմինե Խաչատրյանին, որը մեզ պատմում է, թե ինչ ծանր վիճակում է հայտնվել իր ընտանիքը արտակարգ դրություն հայտարարվելուց հետո։
«Ինձ այս ու այն կողմ էի գցում, որ երեխաներս օրվա հացին կարոտ չմնան։ Մի ռեստորանում մի քանի ժամ աման եմ լվանում, մյուսում՝ մաքրություն անում, հետո վազում տուն ու ամեն անգամ վախով, որ մի բան պատահած չլինի։ Քիչ են վճարում․ օրական 2500, երբեմն էլ՝ 3000 դրամ, բայց ծայրը ծայրին հասցնում էի մինչև արտակարգ դրություն հայտարարելը»,-արցունքներն ինձնից պահելով՝ ասում է Արմինեն։
Արտակարգ դրություն հայտարարվելուց հետո ռեստորանները փակվել են, կինը՝ անգործ մնացել։
Չնայած դրան՝ պայքարող ու չհանձնվող տեսակ է, ու նույնը սովորեցնում է նաև իր որդուն։ Երկուսով օգնում են այս կյանքում գոյատևել Արմինեի առաջնեկին՝ Անահիտին։ Աղջիկն արդեն 24 տարեկան է, բայց նրա կյանքի ոչ մի օրը հեշտ չի եղել։ Ծնվել է մանկական ուղեղային կաթված հիվանդությամբ ու մինչ օրս գամված է անկողնուն։ Դժվարությամբ է նստում, իսկ տեղաշարժվելը նրա համար անտանելի ցավոտ է։
Պետությունից ստացած չնչին գումարով հոգում է Անահիտի դեղերի ծախսը։ Աղջիկն ապրում է հոգեմետ դեղերով և ուժեղ ցավազրկողներով, իսկ այս ընթացքում մի շաբաթ դեղի փող էլ չեն ունեցել:
«Այդ օրերին Անահիտն ասես ուրիշ մարդ դարձած լիներ, ավելի ագրեսիվ էր, չէր ուտում, չէր խմում, չէր քնում, իսկ նոպաները դարձել էին հաճախակի․․․ Ստիպված էի դեղատնից պարտքով դեղեր խնդրել։ Էլ չէի կարողանում Անահիտիս ցավերի մեջ տեսնել»,-արցունքն աչքերին պատմում է Արմինեն։
Աղջիկը նաև տեսողական ու հենաշարժողական խնդիրներ ունի։ Ամեն անգամ նրա հետ տնից դուրս գալը մեծ խնդիր է դառնում։ Աղջիկը լավ չի քայլում, մայրը նրան մի կերպ է աստիճաններից իջեցնում, իսկ հիվանդանոց գնում-գալիս են տաքսիներով։
Մայրը նեղսրտում է․ աղջիկն առաջին կարգի հաշմանդամության թոշակ է ստանալիս եղել, սակայն հերթական ստուգումից հետո նրա վիճակն ավելի բարվոք են գնահատել ու կարգը փոխել։ Չի բողոքել: Ասում է՝ այլևս ուժ չունի։
Արմինեն հայտնի բարեգործական կազմակերպություններից մեկին ընդամենը մի խնդրանքով է դիմել՝ Անահիտի համար ողնաշարը ֆիքսող գոտի տրամադրեն, որ ցավերը մի քիչ մեղմանա, բայց այդ խնդրանքն անտեսվել է։
«Ես իմ կյանքն եմ ներդրել Անահիտիս համար, ժամանակից շուտ եմ ծերացել։ Ինձ տեսնողը չի ասի, որ 44 տարեկան եմ։ Ինչ գործ գտել եմ, արել եմ, երբեք չեմ ասել, որ սա ինձ չի վերաբերվում կամ ամոթ է։ Տատիկս շատ էր օգնում ինձ. երբ երեխան փոքր էր,ինքն էր պահում, հիմա տատիկս էլ մահացել է ու ինձ օգնող ձեռք չկա»,-պատմում է Արմինեն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում