Սիսիանցի դպրոցականը իր ձեռքերով մեքենա է հավաքել, անունն էլ դրել՝ «Хищник». տեսանյութ և լուսանկարներ
Սիսիանցի դպրոցական Տիգրան Թովմասյանը պարապ մնալու ժամանակ չունի։ Նա զբաղվում է նախագծման աշխատանքներով, ծրագրավորման ու ինժեներիայի դասընթացների է հաճախում։ Արդեն հասցրել է իր առաջին մեքենան հավաքել։
Համակարգչային 3D մրցավազքում կարելի է մինչև երեք հարյուր կիլոմետր-ժամ արագություն հավաքել։ Սիսիանցի Տիգրանն այդպես չի կարող. նրա մեքենայով մեծ արագություն չես հավաքի, բայց դրա փոխարեն տղան ինքնուրույն է հավաքել մեքենան, թեև դեռ դպրոցն էլ չի ավարտել։
«Դե ոնց ասեմ․․․ Եսիմ ինչ բան չկա․․․ Կապոտը «Մերսեդեսից» ա, «պրիբորը»՝ «Միցուբիշիից», նստարանները հին «Նիսանից» եմ գտել», – ասում է Տիգրան Թովմասյանը։
Այս ամենն արել է դասերից հետո․ Տիգրանը 11-րդ դասարանում է սովորում։
Մի խնդիր է ունեցել․ երկար ժամանակ չի կարողացել շարժիչ գտնել։ Նույնիսկ հին շարժիչները մեզանում չեն շպրտում. մաս-մաս քանդում են ու վաճառում։ Ավելորդ գումարը ոչ ոքի չի խանգարում, այն էլ` Սիսիանում։ Բայց ի վերջո գտել է՝ հին «ջորուց»։
Առանց երկար–բարակ մտածելու Տիգրանը մեկտեղել է ավտոմոբիլային բոլոր ոճերն ու դարաշրջանները և սկսել է երթևեկել իր հարազատ Սիսիանի փողոցներով։ Գլխավոր փողոցներ դուրս չի գալիս․ մարդ ես, ինչ ասես` կարող է պատահել, մանավանդ որ մեքենան դռներ էլ չունի։ Տեխանձնագիր՝ նույնպես (բնականաբար)։
Տիգրանը սիրում է «ավտո քշել»։ Մեկ-մեկ նույնիսկ դրիֆթ է անում։ Բայց չափը չի անցնում: Դա պարապության նշան է, իսկ պարապությունը Տիգրանին չի սպառնում։ Այնպես որ նա չի պատրաստվում արագություն խախտել։ Համ էլ ամոթ կլինի։ Ոստիկանության առա՞ջ։ Այո։ Իսկ ամենակարևորը՝ հոր առաջ։
«Պապաս ավտոյի վարպետ ա։ Որ փոքր էի, ինձ հետն էր տանում։ Տեսնում էի՝ ինչը ոնց ա անում։ Հիմի էլ ամեն ինչ անել չեմ կարա․․․ Ասենք` «տոչկա սվարկա» կարամ, ավտոգենը՝ դեռ չէ։ Տենց բաների համար մեծերին էի խնդրում», – ասում է Տիգրանը։
Հայրը հոգնած է տուն վերադառնում։ Տղան էլ չի ասում, թե` պապ, արի գնանք գարաժ, ակումուլյատորը դնենք։
Իսկ հոր համար էդ հոգնած «գարաժ գնալը» ամենալավ պահերն են։ Երբ Տիգրանն էլ հայր դառնա, նա էլ դա կիմանա։ Իսկ հիմա ուզում է ամեն ինչ սովորել, ամեն ինչ կարողանալ։ Հոր պես։
Հիմա միայն նրբանցքներում ու տան մոտակայքում է մեքենան վարում։ Դրա համար էլ մեքենային փաստաթուղթ հանել պետք չէ։ Առայժմ «բեղերը, թաթերն ու պոչն» են փաստաթղթերը։ Իզուր չէ, որ մեքենան «Хищник» է կոչվում։ Իսկ թե Տիգրանը դրա վրա ինչ «թաթեր» ու «ատամներ» է դրել, փորձեք ինքներդ գլուխ հանել։
«Բա ինչու՞ հիմա չես քշում։ Բան ա՞ փչացել», – հարցնում ենք նրան։
«Չէ․․․ ուղղակի ցուրտ ա», – ծիծաղում է նա։
Թեև ցանկացած պահի կարելի է քշել։ Բավարար է նորից ամրացնել գազի բալոնը։
Մենք արդեն ասել էինք, որ պարապությունը Տիգրանի համար չէ։ Հիմա նա որոշել է մեքենան հեռուստացույցի նման աշխատեցնել՝ հեռակառավարման վահանակով։ Դպրոցից հետո հասցնում է գնալ ArMath ինժեներական լաբորատորիա։ Հայաստանում դրանցից ավելի քան 200-ը կա։ Այստեղ ծրագրավորում ու ինժեներիա են սովորում։ Նման լաբորատորիաներ ստեղծելու գործում օգնում են տեղական IT- ընկերությունները՝ բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) անդամները։
«Հիմա ուզում ենք Arduino պլատաներ ու bluetooth–ի համար բաղադրիչներ պատվիրել», – ասում է Արմեն Ենոքյանը, որը Սիսիանի դպրոցներից մեկում ArMath-ի խմբակավարն է։
Նրանք միասին մի բան էլ են հորինել․․․ Էլի՞ մի բան։ Այո, այո։
«Պարապմունքների համար մեզ անօդաչու սարքերի կոմպլեկտներ են բերել։ Դրանք հավաքել ենք, մի քանի անգամ թռցրել։ Բայց ուզում ենք, որ երեխաներն իրենք ինչ-որ բան հորինեն։ Իսկ ամենակարևորը, որ իրենց հորինածը սովորեն իրականացնել մինչև վերջ», – ասում է Արմենը։
Հիմա նա, Տիգրանը ու ևս մի քանի դպրոցական պատրաստում են անօդաչուի նոր մոդել՝ լարային էլեկտրական սնուցմամբ։ Այն մինչև երեք հարյուր մետր է բարձրանալու ու սավառնելու է մինչև հարյուր մետր շառավղով։
Արմենն իր սանի պես սիրում է հեռուն մտածել։
«Պետք չէ բոլորին կենտրոնացնել ծրագրավորման վրա։ Թող մարդիկ լինեն, որոնք կկարողանան հայկական տանկեր սարքել։ Չկասկածեք՝ մեզ մոտ այդպիսի երեխաներ կան։ Մեզ մոտ էլ, գյուղերում էլ։ Նրանք նայում են՝ ինչ են անում իրենց հայրերը և սովորում են․․․ Էս գաեչնի կլյուչերը հավաքի, կկորցնես», – ասում է նա Տիգրանին։
«Կամաց-կամաց աշխատում եմ, թող ձեռի տակ լինեն», – պատասխանում է նա։
Իսկ գարնանը Թովմասյաների բակից «դզզոց» կգա։ Մեքենայի՞ց։ Ե՛վ այո, և՛ ոչ։
Ավտոտնակի մոտ կարմիր ու երկնագույն մեղվի փեթակներ ենք տեսնում։
«Մեղունե՞ր էլ ես պահում», – շվարած հարցնում ենք մենք։
«Մենակ մեղու չէ։ Շուն էլ եմ պահում», – ժպտում է Տիգրանը։
Ինչպե՞ս են նրանք բոլորը միասին ապրում։ Մի պարզ պատճառով` չեն սիրում պարապ մնալ։
Աղբյուր՝ sputnikarmenia.am