Մամուլ

Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում բարկացավ «խոպանչի» բառի համար

Առաջիկայում նախատեսվում է Սեւանի շաքարի գործարանի վերագործարկում: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը:

«Ո՞վ կարող էր նման բան երեւակայել 7 ամիս առաջ, չէր կարող լինել նման բան»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նաեւ առաջիկայում նախատեսվում է Հայաստանում բացել կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան: Փաշինյանը նշեց, որ մի քանի խոշոր ներդրումների շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում:

Վարչապետը հայտարարեց, որ արտագնա աշխատողների հարկման մեխանիզմ գործող կառավարությունը չի քննարկում՝ անդրադառնալով արտագնա աշխատողներին հարկելու մասին հարցին։ Փաշինյանն ընդգծեց՝ չի կարող այնպես լինել, որ առաջնային հարկ վճարող 350 հազար վճարող հարկատուները հոգան երկրի անվտանգության, կրթության եւ պետական ողջ ապարատի ծախսերը։ Այնուհետ նա բարկացավ, երբ լրագրողն օգտագործեց «խոպանչի» բառը։

Լրագրողը, մասնավորապես, իր հարցում նշեց. «Աղմուկ է բարձրացրել ՊԵԿ-ի հայեցակարգը, որ քննարկվում է «խոպանչիներին» հարկելու խնդիրը, ՊԵԿ-ը հերքեց, բայց Կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահն ասաց, որ գալու է մի օր, այդպես է լինելու, ստացվում է, որ մարդը դրսում հարկ է տալիս, հետո էլ կինը պետք է այստեղ հարկ տա»։

Հարցին Փաշինյանն արձագանքեց հետեւյալ կերպ. «Հարց, պատասխան, դատապարտում, քաջալերանք, ամեն ինչ կար ձեր հարցի մեջ, ինձ մնում է հիանալ ձեր ելույթով։ ՊԵԿ-ը պարզաբանում տվել է, ասել է, որ այդպիսի բան չկա։ Չի կարող մարդը մի տեղ հարկվի, հետո գա Հայաստան հարկվի, հետո բնակավայրի մոտ հարկվի, հետո էլ տնից դուրս գա, հարկվի, նման համակարգ չկա ու չի կարող լինել։ Ի՞նչ բառ է այդ բառը, արժանապատիվ անուն տվեք, հետո նրանց իրավունքները պաշտպանեք։ Այդպիսի նախագիծ եւ հայեցակարգ չկա, իսկ ընդհանրապես մենք ասել ենք՝ ուղիղ ժողովրդավարական կառավարություն ենք, չի կարող հարկային բեռի ավելացում լինել՝ առանց ժողովրդի քաջալերանքի»։

Նշենք, որ նախօրեին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՊԵԿ-ը ներկայացրել է մի հայեցակարգ, որով առաջարկվում է մտցնել համընդհանուր հայտարարագրման համակարգ եւ 23 տոկոս եկամտային հարկով հարկել արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկված գումարները, նաեւ հողից եկամուտ ստացող բոլոր գյուղացիներին: ՊԵԿ-ը հերքել է մամուլի այդ տեղեկությունները։

Աղբյուր՝ armtimes.com

Կիսվել