«Որդիս հարցրեց՝ արդյո՞ք մահանալու ես»․ Անի Քոչարի բացառիկ հարցազրույցը
Asekose.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Գերմանիայում բնակություն հաստատած, հայտնի լրագրող, մոդել Անի Քոչարի հետ՝ ծանր հիվանդության, երկարատև բուժման, առողջական ներկա վիճակի, որդու վերաբերմունքի, դժվարությունները հաղթահարելու մեծ ուժ մասին և ոչ միայն:
– Անի, ամիսներ առաջ համացանցը ողողվեց Ձեր` արյան քաղցկեղ ունենալու լուրով: Դուք ինքներդ առաջին անգամ բարձրաձայնեցիք այդ մասին` Ձեր ֆեյսբուքյան էջում գրառում անելով: Հետաքրքիր է` ինչո՞ւ նման քայլի դիմեցիք, ինչո՞ւ հենց ինքներդ որոշեցիք առաջին անգամ բարձրաձայնել Ձեր հիվանդության մասին, քանի որ Դուք ապրում եք արտերկրում, և մարդիկ, թերևս, այդ մասին տեղեկանալ չէին կարող: Արդյո՞ք դա ներքին պոռթկում էր, թե՞ Դուք աջակցության և քաջալերանքի խոսքերի կարիք ունեիք:
-Ինչ խոս, նման դժվարին պահերին մարդ ունի քաջալերման և սատարման կարիք, սակայն միակ պատճառն այդ պահին այն էր, որ ես օրեր առաջ արդեն իսկ հրապարակավ բարձրաձայնել էի Հայաստան վերադառնալու իմ մտադրության մասին, և քանի որ ծանր հիվանդության պատճառով դա անհնարին էր լինելու, ես չցանկացա, որպեսզի մարդիկ կարծեն, թե ստել եմ կամ նրանք, ովքեր ամեն արածումդ կեղտ են որոնում, կրկին սկսեին ինձ չարախոսել:
Եվ բացի դա, ես չեմ կարծում, որ գաղտնի պահելու պատճառ կար, անկախ նրանից, թե ես որտեղ եմ ապրում, իմ անձի վերաբերյալ լուրերը շատ արագ տարածվում են, և որպեսզի ապատեղեկատվություն չտարածվեր, ես ինքս որոշեցի հայտնել այդ մասին այն մարդկանց, ովքեր մշտապես հետևում են ինձ նաև վիրտուալ տիրույթում: Եվ հետո, հիվանդությունն ամոթ բան չէ, յոթ փակի տակ պահելու բան չէ:
Շնորհիվ իմ բարձրաձայնման, ես այնքան օգտակար խորհուրդներ ստացա մարդկանցից, ովքեր քաջածանոթ են այս հիվանդությանը, այնքան մարդկանց արձագանքը ստացա, որոնք իմ նկատմամբ սխալներ էին գործել, և ես նրանց չէի կարողանում ներել, իսկ այսօր ներել եմ, բոլորին ու ամենքին ներել եմ ու ներդաշնակ եմ ինքս ինձ հետ:
-Ձեր գրառումը կարդալիս չենք կարող ասել, որ այն հուսահատ մարդու գրառում էր: «Ես պատրաստ եմ կյանքի հերթական մարտահրավերին, ինձ բացակա չդնեք»,- նշել էիք Ձեր գրառման մեջ: Երբ առաջին անգամ իմացաք Ձեր հիվանդության մասին, ինչպես արձագանքեցիք:
– Շոկ ապրած մարդու գրառում էր, ով փորձում է անկախ հանգամանքներից՝ ամուր մնալ, պայքարել և իր` պայքարողի, ուժեղի, հաղթողի տեսակը չկորցնել: Բայց ասեմ, որ ամիսների ընթացքում փոխվում ես: Չարաբաստիկ հիվանդությունն ու քիմիաթերապիայի հետևանքները քեզ աննկատ այնպես են փոխում, որ մի օր նայում ես հայելուն և ինքդ քեզ չես ճանաչում:
Ես նայում էի ինձ ու չէի հավատում, որ այդ ես եմ, ես իմ աչքերին էի նայում և զգում, որ կորցրել եմ ինձ և կռիվ տալիս ինձ հետ, որ ես ավելի ուժեղ պետք է գտնվեմ, քան այդ 21-րդ դարի ժանտախտը: Դժվար է, դժվար է անգամ այս մասին խոսելը, հոգեբանորեն անգամ դեռևս պատրաստ չեմ խորությամբ խոսելու այն ամենի մասին, ինչի մեջով անցա և անցնում եմ:
Այն մասին, թե ինչպես եմ փոխվել: Ես պատրաստ չէի այս ամենին. Ամեն բան այնքան անսպասելի և արագ եղավ: Շոկ էր ինձ ու իմ հարազատների համար:Ես մինչև հիմա չեմ հավատում և չեմ համակերպվում, որ ես ունեմ այդ դաժան ախտորոշումը:Ես վստահ եմ, որ Աստծով բժշկվելու եմ լիարժեք և ապաքինվեմ ու վերադառնամ իմ բնականոն կյանքին: Ինձ շատերն են սպասում, դա է վկայում մարդկանց նամակները:
-Անի, մեր վերջին հարցազրույցի ժամանակ Դուք նշել էիք, որ Ձեզ համար դժվար է Ձեր ծնողներից, քրոջից հեռու ապրելը, որ Ձեզ ցավ է պատճառում Ձեր կյանքի կարևորագույն օրերն առանց նրանց նշելը: Գաղտնիք չէ, որ դժվար պահերին մարդը միշտ էլ հարազատի կարիք է զգում: Այս առումով արդյո՞ք Գերմանիայում Ձեզ շրջապատող մարդիկ կարողանում են լրացնել նրանց տեղը, ինչպե՞ս ընդունեցին այդ լուրը Ձեր հարազատները:
– Դե, ավագ քույրս` Օֆելյան, ինձ հետ է, մենք միասին ենք ապրում: Նա այս ողջ դժվարին փորձությունն ինձ հետ է անցնում, ինչի համար, իրականում, ինձ շատ մեղավոր եմ զգում, չէի ցանկանա, որ նա այս ցավն ապրեր ինձ հետ: Թեև առանց նրա էլ շատ դժվար կլիներ, նա է ինձ համար հոգ տանում: Նա ինձ խնամում էր, ինչպես փոքր երեխայի, երբ անկողնուց վեր կենալ չէի կարողանում, դաժան օրեր ապրեցինք միասին, օրեր, որ հուսով եմ այլևս երբեք չեն վերադառնալու:
ԱՄՆ-ում ապրող քույրս` Սոնան, նույնպես հիվանդության ախտորոշումից ընդամենը օրեր անց արդեն ինձ մոտ էր, ցավոք, ծնողներիս Վիզա չտրամադրեցին, նրանք հեռվից են ինձ սատար կանգնում: Նրանց համար սարսափելի դժվար է այս հեռավորությունն ու անորոշությունը, բայց դե, գուցե այսպես ավելի լավ է: Չէի ցանկանա՝ նրանք ինձ տեսնեին այն փուլում, երբ մահամերձ էի: Նրանց համար ես միշտ լավ եմ, ողջ օրը կապի մեջ են մեզ հետ, և ես միշտ ասում եմ, որ լավ եմ, քանզի ամենաքիչը կուզեմ նրանց ցավ պատճառել:
Ես այն երջանիկ մարդկանցից եմ, որ անգամ օտարության մեջ մենակ չեմ, կողքիս են նաև ընկերուհիներս, Եվրոպայում ապրող բարեկամներս` մորաքույրս, մորեղբայրս, նրանց երեխաները, ովքեր ինձ այցի են գալիս: Ես այնքան շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են և ովքեր փորձում են ինձ միայնակ չթողնել այս դժվարին պահերին: Հավատացեք ես այժմ առավել, քան երբևէ ունեի այդ աջակցության կարիքը:
Երբ ամիսներով հիվանդանոցում պառկած ես, հոգեխանգարմունքի ես հասնում, և միայն հարազատ մարդիկ են, որ իրենց ներկայությամբ քեզ զգոն են պահում և թույլ չեն տալիս, որպեսզի թուլանաս, հանձնվես: Բոլորը շարունակ պնդում էին, որ ես ուժեղ եմ, որ ես կարող եմ, որ ես պետք է հաղթեմ, իսկ ես պարտավորված էի զգում, չէի ուզում նրանց հուսախաբ անել: Իսկ, դե որդուս մասին խոսք չկա, ես հանուն նրա եմ պայքարում:
Առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։