Մամուլ

«Հո դու շառ չես, ախչի, ուժ տուր, կարո՞ղ ա մնաս վրես». նոր մանրամսներ նորածնի մահվան հետ կապված

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին Շենգավիթ բժշկական կենտրոնում նորածին է մահացել։ Նորածնի ծնողները, հարազատները համոզված են, որ երեխայի մահը վրա է հասել ծնունդն ընդունող բժշկի մեղքով, քանի որ ծննդկանը փայլուն հղիություն է ունեցել, անգամ ուրբաթ օրը կոնսուլտացիայի ժամանակ դա փաստել է բժիշկը։ «Շաբաթ օրը՝ առավոտյան ժամը 9-ին երեխան ծնվել է։ Ժամը 10-ին մեզ արդեն ասացին, որ երեխայի վիճակը լավ չի, 10։30-ին վերակենդանացման բաժնի վարիչն է մեզ կանչել ու համոզել, որ Աստված կանչենք, որ երեխայի սիրտը չաշխատի, երեխան մահանա, քանի որ երեխայի ուղեղն էլ է վնասված և եթե ապրի էլ, թերզարգացած է լինելու։

Մենք պնդեցինք՝ երեխային տան մեզ, որ տեղափոխենք այլ հիվանդանոց, մեզ կարճ պատասխանեցին, որ երեխայի հետ հույս չփայփայենք, և արդեն 14։30-ին ինչ-որ կին է մոտենում մեզ, փաստաթղթեր է ուզում, որ երեխայի մահվան վկայական տրամադրեն»,- պատմեց ծննդկանի ազգական՝ ամուսնու եղբայրը՝ Անդրանիկ Գևորգյանը՝ հավելելով. «Այս ամենը եղել է բժշկի անփութության պատճառով։ Ամբողջ հղիությունը իդեալական է եղել։ Անգամ ուրբաթ օրը կոնսուլտացիայի ժամանակ բժիշկը ասել է, որ ամեն ինչ ոչ թե լավ է, այլ իդեալական։ Բայց բժիշկների մեղքով մեր երեխան այսօր մահացել է»։

Մեր զրուցակիցը պատմեց, որ ծննդկանը ուշքի գալուց հետո իրենց պատմել է, թե ինչ անփութություն ու անուշադրություն է եղել ծնարանում։ «Մեր հարսը պատմեց, որ իրեն բացարձակ ուշադրություն չեն դարձրել։ Պահանջել է իրեն կեսարյան հատում անել, բայց բժիշկը շատ կոպիտ ձևով պատասխանել է՝ դու չես որոշում, ախչի։ Հարսս երբ զգացել է, որ երեխայի սիրտն արդեն սկսում է չաշխատել, պահանջել է ամուսնուն կանչել, բայց ծնունդ ընդունող բժիշկը կրկին կոպտել է՝ հո դու շառ չես, ախչի ջան, ուժ տուր թող երեխան ծնվի, կարո՞ղ ա մնաս վրես։ Այ այս մակարդակի խոսակցություն է եղել»,- պատվեց մահացած նորածնի հորեղբայրը։

Նրա խոսքերով՝ երեխայի ծնվելուց հետո իրենց մոտենում է ծնարանի բաժնի վարիչը և ասում է, որ երեխան սրտի հետ խնդիրներ ունի, հարազատները պահանջում են շտապօգնություն կանչել, որ երեխային տեղափոխեն այլ հիվանդանոց, բայց հնչում է պատասխան, թե Աստված կանչեք, որ սիրտը չաշխատի, քանի որ երեխայի գլխուղեղն էլ է վնասված։

«Մենք ասացինք՝ բայց դուք ասում եք սիրտն է, ասաց չէ՝ ուղեղն էլ է վնասված։ Ոչ մեկ մեր հարցերին չէր պատասխանում։ Մենք ասում էինք՝ ինչպես կարող է երեխայի սիրտն ու գլխուղեղը վնասված լինել, եթե հղիության ընթացքում ոչ մի խնդիր չի եղել, բայց ոչ ոք ոչ մի հարցի չէր պատասխանում։ Անգամ ծնունդ ընդունող բժիշկը՝ Արաքս Հակոբյանը, մեզ խաբեց ու ասաց, որ ինքը չի ընդունել ծնունդը։ Մենք պահանջեցինք, որ գնա ու կանչի ծնունդ ընդունող բժշկին, բայց նա գնաց ու այլևս չվերադարձավ։

Բաժնի վարիչն էլ, տեսնելով որ ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իր վրա, ցույց տվեց Հակոբյանին ու ասաց՝ ահա բժիշկը, ահա դուք, գնացեք ձեր բոլոր հարցերը ուղղեք իրեն»,- պատմեց Գևորգյանը՝ հավելելով, որ դրանից հետո բժիշկը փորձել է բժշկական տերմիններով պնդել, թե հնարավոր է՝ հղիության ժամանակ են խնդիրներ եղել, բայց ազգականները հղիության անկետայով փաստել են, որ ոչ մի խնդիր չի եղել։ «Սա ընդհանուր վերաբերում է այդ հիվանդանոցին։

Սա առաջին դեպքը չէ։ Իրենց հիվանդանոցում երեխա է մահանում, բաժնի վարիչը սենյակում նստած մուրաբայով թեյ էր խմում և հայտարարում, որ ինքը ոչ մի բանից խաբար չէ։ Ոչ մեկ մեր ոչ մի հարցին չի պատասխանում, ու մեկ էլ ինչ-որ մի կին է գալիս՝ առանց խալաթի ու երեխայի հորից՝ եղբորիցս ամուսնության վկայականի ու անձնագրերի պատճեն է ուզում։

Առավել մանրամասը՝ 1in.am

Կիսվել