ՄամուլՔաղաքականություն

Օգոստոսի 17-ի հանրահավաքը լավ առիթ կհանդիսանա, որ ժողովուրդը մերժի Ստեփանակերտում նստած թյուրիմացություններին

Արցախի տեղական իշխող վերնախավը, Բակո Սահակյանի գլխավորությամբ, համառորեն շարունակում է իր վասալային, հակապետական, բաժանարար և քրեամետ վարքագիծը:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության ձգտող ցանկացած փորձ միտված է Հայաստանը վասալացումից դուրս բերելու գործընթացի ձախողմանը և հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացմանը:

Բայց, եթե ՀՀ Ազգային Ժողովում դեռևս աթոռներ զբաղեցնող թվով 46 հետադիմականների քայլը, ի դեպ` անվերապահորեն մերժելի և դատապարտելի, կարող է այնուամենայնիվ արտառոց չհամարվել, որովհետև նրանք ակնհայտորեն նախկին վարչախմբի ներկայացուցիչներ են, ապա Արցախի «Ազգային Ժողովի» 15 պատգամավորների նույնանման քայլը ո’չ միայն դավադրություն է ընդդեմ ազգային ազատագրման և համակարգափոխության, այլև հանդիսանում է Հայաստանի այդ տարածքում նախկին իշխանության օրոք կառավարիչ նշանակված վարչախմբի դավադիր ըմբոստությունը ամբողջ Հայաստանի համաժողովրդական շարժման ծնունդ հանդիսացող լեգիտիմ նոր իշխանության դեմ:

Այն պահին, երբ Հայաստանը իր իշխանություններով, քաղաքական ազնիվ ուժերով և ժողովրդով հանդերձ դիմագրավում է կայսերական ուժի ջղաձգումներին (ահավասիկ նաև՝ Լարսի անցակետում ստեղծված քվազի-շրջափակմանը) և նենգադուլի տարբեր փորձերի, Արցախում` լեգիտիմությունից իսպառ զրկված և Երևանի համբերատարության շնորհիվ դեռևս լծակներով օժտված տեղական վերնախավը իր զառանցանքները շփոթում է իրականության հետ և հանդես է գալիս դավադիր պատվերներ կատարողի դերում: Վաղուց ժամանակն է, որ Արցախում ևս իրականացվի տեղային իշխանափոխություն և վերջ տրվի այս երկարատև անհեթեթությանը:

Օգոստոսի 17-ի համահայկական հանրահավաքը լավ առիթ կհանդիսանա, որպեսզի ժողովուրդը մերժի Ստեփանակերտում նստած թյուրիմացություններին: Ուստի կրկին կոչ ենք անում Արցախի մեր հայրենակիցներին և քաղաքական առողջ խմբավորումներին նույն օրը և նույն ժամին Ստեփանակերտում հանդես գալ Երևանի մեծ հանրահավաքին զուգընթաց հանրահավաքով:

Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարություն

Սասնա ծռեր խմբավորում

8-ը օգոստոսի 2018թ,

ք. Երևան

Կիսվել