Շոու-բիզնես

Սիրելի’ աղջիկներ, վաղը ես պսակվելու եմ, բայց դա չի նշանակում, որ այլևս չպետք է լսեք իմ երգերը. Էրիկ

«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է երգիչ Էրիկը: Նա խոսել է մասնագիտական, անձնական կյանքին վերաբերող հարցերի շուրջ՝ անկեղծորեն նշելով, որ ոչինչ չէր ցանկանա իր կյանքում փոխել:

-Մարդ, որը մեծ ազդեցություն է ունեցել Ձեզ վրա:

-Հայրս: Նա մասնագիտական առումով եւս ինձ համար կողմնորոշող դեր է ունեցել: Հայրս երաժիշտ է եղել, եւ երբ ես դեռ 3-4 տարեկան էի, ինձ հետը տանում էր հարսանիքների, այնտեղ երգում էինք: Երգի հանդեպ սերը իրենից է ինձ փոխանցվել: Ավելի ուշ հենց նրա դրդմամբ եմ ընդունվել երաժշտական դպրոց, ջութակի բաժին: Ճիշտ է, ջութակի հետ երկար ճանապարհ չանցա, բայց այն մեծ ազդեցություն է թողել ինձ վրա:

-Սիրո հարցում ավելի շատ ներողամի՞տ եք, թե՞ սկզբունքային:

-Ընդհանրապես, ես ներողամիտ եմ ու բավական շուտ եմ մոռանում շատ բաներ:

-Առանց ափսոսալու գումար կծախսեք…

-Իմ հարազատների եւ ընկերների համար, որեւէ մեկի առողջության հետ կապված խնդիրը լուծելու, մի լավ նպատակի համար: Երբ գումարը լավ նպատակի ես ծառայեցնում, այն անպայման վերադառնում է:

-Կցանկանայիք տիրապետել…

-Մեկ այլ մասնագիտության: Իմ ամբողջ կյանքը նվիրել եմ երաժշտությանը, բայց անգամ կոնսերվատորիա ընդունվելու ժամանակ մտածում էի Թատերական ինստիտուտ դիմելու մասին: Ինձ շատ հոգեհերազատ է նաեւ դերասանի մասնագիտությունը, հետաքրքիր է նաեւ վարսավիրի աշխատանքը:

-Մականուն ունեցե՞լ եք:

-Ոչ, երբեք չեմ ունեցել:

-Ձեզ երբեք հավատ չեն ներշնչել այն մարդիկ, որոնք…

-Չեն հավատում Աստծուն: Ես կարող է ցույց չտամ, չխոսեմ, բայց շատ աստվածավախ եմ, իսկ ովքեր չեն հավատում Աստծուն, ինձ համար վախենալի են:

-Ձեզ սովորաբար հիասթափեցնում են…

-Ստախոսները, այն մարդիկ, որոնք ապրում են ուրիշների կյանքով: Գիտե՞ք, կյանքը շատ կարճ է այդպես ապրելու համար: Տանել չեմ կարողանում նաեւ մարդկանց, որոնք սիրում են խոսք տանել-բերել:

-Ձեր մասնագիտության դժվարին կողմը:

-Այն, որ դու բոլորինն ես: Շատ դեպքերում քո կյանքը պատկանում է այն մարդկանց, որոնց դու ներկայանում ես: Երբեմն ուզում ես այնպիսի կյանքով ապրել, որ ո՛չ քեզ ճանաչեն, ո՛չ էլ քո մասին ավել-պակաս բաներ խոսեն: Բայց, միեւնույն ժամանակ, դու ունես նաեւ հնարավորություն քո գործով ապացուցելու, թե դու ով ես:

-Դեպք, երբ մասնագիտականը խանգարել է անձնականին:

-Իմ կյանքում երբեւէ նման բան չի եղել: Առաջին իսկ օրերից, երբ սկսել եմ ելույթ ունենալ, իմ ցանկությունն է եղել, որ ինձ սիրեն, լսեն իմ երգի համար, ոչ թե որովհետեւ ես սիրուն տղա եմ (ծիծաղում է), կամ մի օր պետք է դառնամ բոլոր երկրպագուներիս փեսացուն: Սիրելի աղջիկներ, վաղը ես պսակվելու եմ, բայց դա չի նշանակում, որ այլեւս չպետք է լսեք իմ երգերը (ծիծաղում է):

-Եթե թողնեն, ամբողջ օրը կզբաղվեք միայն…

-Գիտե՞ք, չկա զբաղմունք, որին ես կարոտ եմ մնում: Ամեն ինչ էլ հասցնում եմ անել. զբաղվում եմ սպորտով, շանս հետ զբոսնում եմ, վարում եմ հեծանիվ, շփվում եմ հարեւաններիս հետ…

-Թուլություն ունեք…

-Երեխաների նկատմամբ: Քանի որ ինքս դեռ բալիկներ չունեմ, այդ թուլությունն առավել սրված է, երբ տեսնում եմ թեկուզ անծանոթ մի երեխայի, գնում եմ այն աշխարհ, ետ եմ գալիս:

-Ինչպե՞ս հանդուրժել հիմարներին:

-Պետք է ոչ թե հանդուրժել, այլ չնկատել նրանց:

-Եթե ստել, ապա միայն հանուն…

-Լավ գործի:

-Վատ սովորություն, որից կցանկանայիք ձերբազատվել:

-Այս պահին չմտաբերեցի, բայց հաստատ կունենամ: Ամեն դեպքում, չարժե շատ ճիշտ ապրել:

-Մի բան, որ կփոխեիք Ձեր կյանքում:

-Ոչ մի բան էլ չէի ուզի փոխել, որովհետեւ այն, ինչ ունեմ, արդեն երջանկություն է ինձ համար: Բնականաբար, եղել են բարդ պահեր, բայց պետք է անընդհատ քայլել առաջ:

Նյութը կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի համարում։

Կիսվել էջում