Նիկոլ Փաշինյանը կարող է բացահայտել ահռելի գումարների նոր աղբյուրներ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինչպես ինքն է պարզել՝ չիրագործված, կիսատ մնացած տարբեր վարկային ծրագրերով, որում ՀՀ կառավարությունը մեղավորություն չունի, Հայաստանը շարունակում է կատարել վճարումներ:
«Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ կիսատ են մնացել ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով: Այդ վարկային ծրագրերով Հայաստանը վճարումներ է իրականացնում. այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք»,- կառավարության նիստի մեկնարկին ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նախարարներին հանձնարարել է իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը և դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ: «Սա մի իրավիճակ է, որ մենք խորությամբ պետք է հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է, չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը չի մասնավորեցրել, թե ինչ վարկային ծրագրերի մասին է խոսքը, նրա ներկայացրածից կարելի է ենթադրել, որ նկատի են առնվում ստացված, բայց չիրականացված վարկային միջոցները, որոնցով նախատեսված ծրագրերը չեն իրագործվել ոչ ՀՀ կառավարության մեղքով։
Նիկոլ Փաշինյանը չի խոսել, սակայն, այն ծրագրերի մասին, որոնք տապալվել կամ թերի են կատարվել նախորդ կառավարությունների մեղքով։ Իսկ դրանք շատ են, անկարելիորեն շատ։ Ընդհանրապես օտարերկրյա վարկային միջոցների ստացման ու դրանց ծախսման արդյունավետության խնդիրը միշտ եղել է ամենացավոտ, բայց ամենամշուշոտ հարցերից մեկը։ 2000-ականներին Ազգային ժողովում անգամ ստեղծվել էր օտարերկրյա վարկային միջոցների ծախսման արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, որը, սակայն, իր գործունեության տևական ժամանակից հետո որևէ շոշափելի արդյունք չարձանագրեց։ Եվ չէր էլ արձանագրելու, որովհետև օտարերկրյա վարկային միջոցները շուրջ երկու տասնամյակ եղել են Հայաստանի նախկին իշխանությունների ստվերային ֆինանսավորման կայուն աղբյուր. նախկին իշխանությունները չէին կարող թույլ տալ այդ աղբյուրից ստացված գումարների ստվերային գործարքների բացահայտումը իրենց իշխանության օրոք։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում