Պատմական հաղթանակ․ Հայաստանի գեղասահորդները բրոնզե մեդալ են նվաճել
Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Ճապոնիայում անցկացված ISU Grand Prix 2026 NHK Trophy հեղինակավոր միջազգային մրցաշարում արժանացել են բրոնզե մեդալի։
Մրցաշարին անդրադարձել է Sports.ru-ն՝ ընդգծելով, որ Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն իրենց նվաճած մեդալը որակել են որպես պատմական ձեռքբերում։
«Բնականաբար, մենք ուրախ ենք, որ նվաճեցինք մեր առաջին մեդալը Գրան պրիի շարքից։ Զգում եմ, որ մեր երկրի համար սա պատմական պահ է։
Հուսով եմ, որ մենք կշարունակենք առաջընթաց գրանցել՝ քայլ առ քայլ, և կստեղծենք էլ ավելի շատ պատմություն։Սա մեր առաջին մրցաշրջանն է, որի ընթացքում մասնակցում ենք «Գրան պրի»-ի երկու փուլի։ Ուրախ ենք, որ մեզ հաջողվեց դա անել. ամեն ինչ կատարյալ չէր, բայց մենք արեցինք հնարավոր ամեն ինչ»,- ասել է Ակոպովան։
Նրա խոսքով՝ երբեմն ամեն ինչ չէ, որ ընթանում է ճիշտ այնպես, ինչպես նախատեսված էր, սակայն խոստացել է, որ իրենք կաշխատեն էլ ավելի ջանասիրաբար և մեծ նվիրումով։
«Մենք շատ շնորհակալ ենք մեր թիմին և մարզիչներին Ֆեդոր Կլիմովին ու Դմիտրի Սավինին ՝ այս փորձառության համար, ուստի կշարունակենք աշխատել ավելի մեծ եռանդով», – ասել է Ակոպովան։
Առաջին տեղին արժանացել են Գերմանիան ներկայացնող Միներվա Ֆաբիեն Հազեն և Նիկիտա Վոլոդինը, իսկ ճապոնական զույգը՝ Յունա Նագաոկան և Սումիտադա Մորիգուչին, զբաղեցրել են երկրորդ տեղը։


