Կյանքից հեռացել է Մարինե Մարինոսյանը
Հասմիկ Պողոսյանը գրել է. «Գնաք խաղաղությամբ, լուսավոր Հայուհի…
Կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի երկարամյա դասախոս Մարինե Մարինոսյանը։
Շուրջ չորս տասնամյակ՝ որպես մանկավարժ ու դասախոս, արվեստի ու գրականության գաղտնիքներն է բացել բազում սերունդների առաջ՝ կրթելով մշակույթի բարձր չափանիշները ճանաչող ուսանողներ։
Նա հրաշալի մասնագետ էր՝ որպես գրականագետ և թարգմանիչ։ Երկար տարիներ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում գրական մասի վարիչն էր։ Մարինե Մարինոսյանի բծախնդիր աշխատանքի արդյունքում են բեմ բարձրացել բազմաթիվ արժեքավոր ներկայացումներ։
Եվ Մարինե Մարինոսյանի՝ այսպիսի առանձնացող տեսակ լինելը պատահական չէր, քանի որ նա գեղագիտական բարձր արժեքներն ու արվեստի նման ընկալումը վերցրել էր ամենից առաջ իր ծնողներից։ Նա հայ մշակույթի երկու մեծերի՝ Հայկական հեռուստատեսության հիմնադիրներից Մարատ Մարինոսյանի և ժողովրդական արտիստուհի Հեղինե Հովհաննիսյանի դուստրն էր։
Մարինե Մարինոսյանի ուսանողներն ու գործընկերները նրան բնութագրում են որպես հրաշալի ու լուսավոր անհատականություն, ում տեսակի բացակայությունը միշտ է զգացվելու։
Ցավակցում եմ արվեստագետի ու մանկավարժի ընտանիքին և հարազատներին։


