Մամուլ

Ուշիի ոլորաններում խոշոր ավտովթարի զոհերի և վիրավորների ինքնությունը հայտնի է դարձել

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Պարզվել է՝ ռուսական համարանիշներով կցորդիչով «Կամազ» բեռնատարը վարել է Երևանի բնակիչ 41-ամյա Յուրի Դավթյանը, «Opel Zafira»-ն վարել է Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ 56-ամյա Մուշեղ Գևորգյանը, «Chevrolet Volt»-ը վարել է Ապարանի բնակիչ 34-ամյա Ռաֆիկ Եղիազարյանը, իսկ «Jeep Compass»-ը վարել է Արագած խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրի բնակիչ 49-ամյա Վահրամ Ասատրյանը։

Վթարի հետևանքով Վ. Ասատրյանը, Երևանի բնակիչներ 29-ամյա Հովհաննես Պուլուզյանը, Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչ 48-ամյա  Հմայակ Գաբրիելյանը, Տաշիր քաղաքի բնակիչ 26-ամյա Նարինե Բարսեղյանը, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 22-ամյա Էրիկ Մխոյանը և Էջմիածին քաղաքի բնակիչ 14-ամյա Անգելինա Դ.-ն տեղում մահացել են։

Պարզվել է նաև, որ մահացած Վ․ Ասատրյանի վարած «Jeep Compass»-ի ուղևորները հանդիսացել են Գյումրի քաղաքի բնակիչ 49-ամյա Անժելա Կյուրեղյանն ու 18-ամյա Ռաֆայել Ասատրյանը, վերջինները նույնպես մահացել են։

Իսկ վթարի հետևանքով «Ապարան» բժշկական կենտրոն են տեղափոխվել բեռնատարի վարորդ Յ․ Դավթյանը, իսկ Ռ․ Եղիազարյանն ու նրա ուղևոր Ապարանի բնակիչ 34-ամյա Գեղամ Տոնոյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսին գիշերը վիրահատել են, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է:

Կիսվեք ձեր էջում