Մամուլ

Կյանքից հեռացել է պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը

Երևանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջը խոր ցավով հայտնել է, որ 84 տարեկանում կյանքից հեռացել է պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը։

Պրոֆեսորը մեծ դեր է ունեցել Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի գործունեության արդիականացման գործում։ Նրա ղեկավարության տարիներին՝ 1994-2005 թվականներին, ախտաֆիզիոլոգիայի դասավանդման ընթացքում առաջնայնություն է տրվել ժամանակակից գիտելիքի ներկայացմանը, իրականացվել է մեծածավալ մեթոդական աշխատանք։

Կրթության փորձագետի գնահատմամբ՝ ախտաֆիզիոլոգիան արծվենի՝ խորաթափանց հայացք է հիվանդությանը, այն բժշկության տրամաբանությունն է։ Պրոֆեսորը համոզված էր, որ ախտաֆիզիոլոգիան բժշկության տեսական հիմքն է, այն մայրենի լեզուն է, որը ուսանողին սովորեցնում է մտածել։

Նա շուրջ 200 գիտական հրապարակումների, ավելի քան 20 ուսումնամեթոդական հոդվածների, ձեռնարկների և ախտաֆիզիոլոգիայի դասագրքերի հեղինակ է։

1995 թվականին հայերենով հեղինակել է ախտաֆիզիոլոգիայի առաջին դասագիրքը՝ «Երկխոսություններ ախտաֆիզիոլոգիայի հարցերի շուրջ» վերնագրով։ Բժիշկ-գիտնականը նաև «Ընդհանուր ախտաֆիզիոլոգիա» դասագրքի հեղինակն է, որը պատասխանատու գերատեսչության կողմից հաստատվել է որպես բուհական դասագիրք։

Նա Հայաստանի ախտաֆիզիոլոգների և ախտաբանների ընկերակցության հիմնադիրն ու նախագահն էր։ Կարևոր ներդրում է ունեցել Բոլոնիայի գործընթացի շրջանակում բարձրագույն կրթության որակի եվրոպական չափանիշների ապահովման, ուղեցույցների մշակման և ներդրման գործում։

Պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը մասնակցել է մի շարք դրամաշնորհային ծրագրերի և նախաձեռնությունների։ Դեռևս մի քանի տարի առաջ, բացի ուսումնական գործընթացից, ակտիվորեն ներգրավված էր նաև բուհական այլ աշխատանքներում։

Պրոֆեսոր Նավասարդյանը բժշկական համալսարանի ամենավառ անհատականություններից էր։

«Լինել ազնիվ, ունենալ արդարության զգացում, ծանոթ լինել սեփական երկրի մշակույթին ու պատմությանը. անկախ մասնագիտությունից՝ սրանք էին ԵՊԲՀ դասախոսի կրթվածության մշտարթուն պահանջները»,- նշված է համալսարանի հաղորդագրությունում։

Բուհի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմն ու կոլեգաները ցավակցություն են հայտնել անվանի դասախոսի հարազատներին և մտերիմներին՝ կիսելով նրանց վիշտը։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 3-ին, «Սան Լազարո» սգո սրահում (Աջափնյակ վարչական շրջան, Սարգիս Լուկաշինի փողոց 152), ժամը 18:00-ից։

grizelda 1
Կիսվեք ձեր էջում