Մամուլ

Ո՞վ է Լաս Վեգասում ադրբեջանցուն նոկաուտի ենթարկած հայը

Լաս Վեգասում հոկտեմբերին կայացած UFC Fight Night: Moicano vs. Nolan (UFC Vegas 123) մրցաշարի շրջանակում ուշագրավ մենամարտ է տեղի ունեցել հայկական արմատներով Ժան-Պոլ Լեբոսնոյանիի և ադրբեջանցի Ֆարման Հասանովի միջև։

Երրորդ ռաունդում մրցակցի ձախ աչքի շրջանում ստացած լուրջ վնասվածքի պատճառով մրցավար Դեն Միրագլիոտան դադարեցրել է մենամարտը՝ բժշկին հնարավորություն տալով գնահատել մարզիկի վիճակը։ Բժիշկը խորհուրդ է տվել չշարունակել պայքարը, ինչի արդյունքում հաղթանակը տեխնիկական նոկաուտով (TKO) շնորհվել է Լեբոսնոյանիին։ Մենամարտը դադարեցվել է ռաունդի 2-րդ րոպե 11-րդ վայրկյանին։

Մենամարտի ընթացքում Լեբոսնոյանին առավել արդյունավետ է եղել հատկապես կանգնած դիրքում՝ պարբերաբար ճշգրիտ հարվածներ հասցնելով մրցակցին։ Հասանովը փորձել է ըմբշամարտի միջոցով առավելություն ստանալ, սակայն ամերիկացի մարտիկին հաջողվել է դուրս գալ նրա կատարած բռնվածքներից և շարունակել հարվածային պայքարը։

Մինչև այս հանդիպումը Ֆարման Հասանովը պրոֆեսիոնալ MMA կարիերայում պարտություն չէր կրել։ Նրա հաշվին գրանցված էր 5 հաղթանակ, իսկ UFC-ում նա նույնպես հասցրել էր հաղթանակով մեկնարկել։ Լեբոսնոյանիի համար սա UFC-ում երրորդ մենամարտն էր և երրորդ հաղթանակը։

Հատկանշական է, որ Ժան-Պոլ Լեբոսնոյանին հայկական և ռումինական արմատներ ունի։ Նա ծնվել է ԱՄՆ-ում և հարցազրույցներից մեկում անձամբ նշել է, որ կիսով չափ հայ է, կիսով չափ՝ ռումինացի։ Նրա հայրը՝ Ներսես Բոսնոյանը, բրազիլական ջիու-ջիցուի մարզիչ է։ Մարզիկը նաև բազմիցս ընդգծել է իր հայկական ծագմամբ հպարտանալու հանգամանքը։

Այս հաղթանակից հետո Լեբոսնոյանիի պրոֆեսիոնալ ռեկորդը կազմում է 12 հաղթանակ և 2 պարտություն։ UFC-ում նա շարունակում է անպարտելի մնալ՝ երեք մենամարտում գրանցելով երեք հաղթանակ։ Իսկ Ֆարման Հասանովի համար այս պարտությունը դարձավ առաջինը պրոֆեսիոնալ կարիերայում։

Կիսվեք ձեր էջում