Մամուլ

«Էս պոստը չեմ տալու…օգնություն ուղարկեք». 19-ամյա Նվերի վերջին զեկույցը

«Էս պոստը տլանչում, սա վերջին տանկն ա խփում, քոմագ ղրկեցիք (օգնություն ուղարկեք)»։

Սա Նվեր Կամոյի Օհանյանի վերջին զեկույցն էր հրամանատարական կազմին։ 19-ամյա զինվորը մինչև վերջին պահը մնացել էր իր դիրքում՝ կռվելով թշնամու առաջխաղացման դեմ։ Նա չէր նահանջել, չէր վախեցել, չէր լքել իր պոստը։ Պատերազմից 16 օր անց Նվերի մարմինը տուն բերեցին՝ փակ արկղով։

Նվերի մայրը՝ Գոհարը, որդու մասին խոսելիս հերթով հիշում է նրա մանկությունը, դպրոցական տարիները, բանակ մեկնելու օրը, վերջին հեռախոսազրույցը և այն տղային, որն իր համար հայրենիքի պաշտպանությունը ոչ թե պարտադրանք, այլ պարտք էր համարում։ Դեռ բանակ մեկնելուց առաջ Նվերը մի բան էր ասել, որն այսօր նրա մոր հիշողության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի։

«Թող ոչ մի տղա չասի՝ ես լավ տղա եմ, չեմ ծառայում։ Բոլորն էլ պարտավոր են ծառայել հանուն հայրենիքի»,- ArmLur.am-ի հետ զրույցում հիշում է մայրը։ Նա այդ խոսքերն ասաց 2022 թվականի հուլիսի 4-ին՝ բանակ մեկնելուց առաջ։

Նվեր Կամոյի Օհանյանը ծնվել էր 2004 թվականի մայիսի 18-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։

Մայրը՝ Գոհարը, ասում է՝ Նվերը դեռ մանկուց առանձնանում էր իր բնավորությամբ։ Խիզախ էր, անվախ, արդարությունը պաշտպանող և երբեք չէր կարողանում անտարբեր անցնել այն ամենի կողքով, ինչն իր համար ճիշտ չէր։

«Նվերը փոքր տարիքից շատ խիզախ, ճիշտը պահող ու անվախ տղա էր։ Մի բան էլ իր սրտով չէր լինում, ենթարկվել չկար»,- պատմում է մայրը։ Նա հիշում է մի դեպք, որը տեղի էր ունեցել դեռ Նվերի դպրոցական տարիներին։ 5-րդ դասարանում դասընկերները խանգարում էին դասը, իսկ Նվերը նրանց հետ չէր մասնակցում։ Երբ, սակայն, բոլորին կանչում են տնօրենի մոտ՝ նկատողություն տալու, Նվերը մեկ քայլ առաջ է գնում և կատարվածն ամբողջությամբ իր վրա վերցնում։ Այդ մասին տարիներ անց ընտանիքին պատմել էր դպրոցի փոխտնօրենը։
«Այդպիսին էր Նվերը։ Եթե ինչ-որ բան պետք էր վերցնել իր վրա, չէր վախենում, պատասխանատվությունն իրենն էր»,- ասում է Գոհարը։

Նա նաև շատ ընկերասեր էր, բոլորին հասնող, բոլորին օգնող։«Այդքան երիտասարդ տարիքում հասցրեց վայելել ողջ գյուղի հարգանքը։ Նվերի հետ կապված շատ սխրանքներ կարելի է հիշել, շատ արկածներ պատմել»,- ասում է մայրը։

2022 թվականին Նվերն ավարտում է միջնակարգ դպրոցը։ Մոր հիշողության մեջ այդ օրվանից հատկապես վառ է մնացել որդու պարը։

«Ես մինչև հիմա հիշում եմ իր պարը։ Ոնց էր ողջ դահլիճը հմայված նայում իրեն»,- պատմում է Գոհարը։ Դպրոցն ավարտելուց կարճ ժամանակ անց՝ հուլիսի 4-ին, Նվերը մեկնում է բանակ։

Նա ծառայությունը սկսում է Սրխավանդ գյուղում։ Ծառայության վեցերորդ ամսում Նվերին տեղափոխում են Ասկերանի զորամաս։ Այնտեղ նրա վրա արդեն նոր պատասխանատվություն է դրվում․ նա պետք է նորակոչիկներին սովորեցներ այն զենքի կիրառումը, որին ինքը տիրապետում էր՝ «Կոռնետ»։ Այդ ժամանակ Նվերը ստանում է կրտսեր սերժանտի կոչում։ Մեկ տարի երկու ամիս ծառայելուց հետո նրան տեղափոխում են Հաթերքի զորամաս։

Սեպտեմբերի 1-ին Նվերը մեկնում է դիրքեր՝ Չարեքտար գյուղի ուղղությամբ։ Սեպտեմբերի 15-ին հերթափոխի օրն էր։ Նա պետք է տուն գար, սակայն զանգում է հորը և ասում, որ ևս մեկ շաբաթ կմնա դիրքերում։ Պատճառը ո՞րն է՝ չի ասում։ Սեպտեմբերի 16-ին մայրը երկար խոսում է որդու հետ։ Սեպտեմբերի 18-ին ևս մեկ անգամ են երկար զրուցում։

«Ամեն ինչից խոսեցինք։ Այնքան երկար խոսեցինք, կարծես զգում էր, որ մեր վերջին խոսակցությունը պիտի լինի»,- ասում է Գոհարը։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 13։10-ին սկսվում է պատերազմը։ Այդ օրվանից մոր համար ամեն ինչ փոխվում է։ «Ես մենակ Նվերի մասին էի մտածում։ Օրը մթնեց, բայց ես դեռ լուր չունեի նրանից»։

Նվերը դիրքերում էր։ Նա կռվում էր։ Եվ մինչև վերջին պահը չէր հեռացել իր պոստից։ Մոր պատմածով՝ Նվերը միայնակ կռվել է թշնամու առաջխաղացող զինտեխնիկայի դեմ։ Ու այդ կռվի ընթացքում նրա վերջին զեկույցներից մեկը եղել է՝ «Էս պոստը տլանչում, սա վերջին տանկն ա խփում, քոմագ ղրկեցիք /օգնություն ուղարկեք/»։

19-ամյա տղան, որը դեռ մեկ տարի առաջ դպրոցական բեմում պարում էր, իսկ բանակ գնալու օրը հայտարարում էր, որ «բոլորն էլ պարտավոր են ծառայել հանուն հայրենիքի», իր կյանքն է դրել այդ հայրենիքի պաշտպանության համար։ Նա չէր երկմտել։ Չէր վախեցել։ Մնացել էր իր դիրքում։

«Էն տղուն, ով մենակ կռիվ տվեց թշնամու դեմ, շունթուրքը զինտեխնիկայով, տանկով լռեցրեց։ 19-ամյա անվախ տղայիս»,- որդու վերջին կռիվը հիշելիս ասում է Գոհարը։

16 օր անց Նվերին տուն են բերում՝ փակ արկղով։ Այն տղային, որը գյուղում բոլորին հասնող էր, ընկերների համար պատրաստ էր ամեն ինչի, դպրոցում արդարության համար մեկ քայլ առաջ էր գալիս, իսկ բանակ գնալիս ասում էր՝ «բոլորն էլ պարտավոր են ծառայել հանուն հայրենիքի», այլևս մայրը չի տեսնելու իր սովորական քայլերով տուն մտնելիս։ Նվերը վերադարձավ որպես հիշողություն։Որպես մոր չմարող ցավ։ Որպես Հաթերքի մի ամբողջ սերնդի կորստի խորհրդանիշ։

«Ես սրտի կսկիծով ափսոսում եմ, որ հայոց երկիրը կորցրեց Նվերին ու իր նման ազնիվ, քաջ, նվիրված հայորդիներին։ Այնպիսի նվիրյալների, որոնք անձնուրաց գնացին կռվի, միայն թե թշնամուն չթողնեին իրենց սուրբ օրրանը»,- ասում է Նվերի մայրը՝ Գոհարը։

Նվերը 19 տարեկան էր։ Բայց նրա վերջին խոսքերը, վերջին կռիվն ու հայրենիքի հանդեպ ունեցած վերաբերմունքը մնացին նրանից հետո։ «Էս պոստը տլանչում… սա վերջին տանկն ա խփում…քոմագ ղրկեցիք» Դա 19-ամյա Նվերի վերջին պայքարի ձայնն էր։

Կիսվեք ձեր էջում