Բանանի գները կարող են բարձրանալ
«Էլ Նինյո» կլիմայական երևույթի և աշխարհաքաղաքական ցնցումների հետևանքով բանանի գները մոտ ապագայում կարող են բարձրանալ։ Այսպիսի կարծիք է արտահայտել «Chiquita Brands International» ընկերության գլխավոր տնօրեն Կառլոս Լոպես Ֆլորեսը։
«Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ ոլորտն այսօր կանգնած է եղանակային ծայրահեղ անոմալիաների և աշխարհաքաղաքական ցնցումների առաջ, ինչի հետևանքով արևադարձային այս մրգի արտադրության ինքնարժեքը շարունակաբար աճում է։
Ֆլորեսի կանխատեսմամբ՝ 2027 թվականին, ամենայն հավանականությամբ, բանանի վաճառքի ծավալները կնվազեն, մինչդեռ գները կբարձրանան։ Նրա խոսքով՝ 2026 թվականի վերջին ոլորտին բարդ ժամանակաշրջան է սպասվում, իսկ հաջորդ տարվա սկզբին իրավիճակը կարող է չափազանց ծանր լինել։
Ինչպես նշում է գործակալությունը, «Էլ Նինյո» կլիմայական երևույթն արդեն իր ազդեցությունն է թողնում Լատինական Ամերիկայի վրա, որը բանանի հիմնական մատակարարն է։ Մասնավորապես, Պերուում և Էկվադորում այս բնական երևույթի հետևանքով հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք կարող են վնասել բերքը և հանգեցնել ճանապարհների ողողման։
Երկրագնդի եղանակային պայմանների և կլիմայի վրա էական ազդեցություն ունեն երկու բնական երևույթներ՝ «Էլ Նինյոն» և «Լա Նինյան», որոնց անվանումներն իսպաներենից թարգմանաբար նշանակում են «տղա» և «աղջիկ»։ «Էլ Նինյոյի» ժամանակ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան հատվածներում ջրի վերին շերտը կտրուկ տաքանում է, մինչդեռ «Լա Նինյայի» դեպքում տեղի է ունենում դրա սառեցում։ Ջերմաստիճանային նման տատանումներն իրենց հերթին շղթայական փոփոխություններ են առաջացնում գլոբալ կլիմայական համակարգի այն օղակներում, որոնք անմիջական կապ չունեն օվկիանոսի ջրի ջերմաստիճանի հետ։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը սեպտեմբերի սկզբին հայտնել էր, որ մինչև 2027 թվականի փետրվար «Էլ Նինյոյի» պահպանման հավանականությունը «գրեթե 100% է»։ Կազմակերպության գնահատմամբ՝ առաջիկա ամիսներին սպասվում է այս երևույթի «չափազանց մեծ ակտիվություն», իսկ դրա գագաթնակետը կլինի ընթացիկ տարվա վերջին։


