Հալաբյանում գտնված նորածինը դեռ չի որդեգրվել․ ո՞ւր են ծնողները
Հալաբյան փողոցում թիթեղների տակ հայտնաբերված նորածինը դեռ չի որդեգրվել։
Նա գտնվում է խնամքի կենտրոններից մեկում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից։
«Երեխան մեր խնամքի կենտրոններից մեկում է, գտնվում է մեր խնամքի ներքո»,- նշել են նախարարությունից։
Ինչ վերաբերում է երեխայի հարազատներին ու ծնողներին, ապա նրանց ինքնությունը եւս չի պարզվել։
Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ այդ ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
Հիշեցնենք՝ օգոստոսի 10-ին ՆԳՆ-ն ահազանգ էր ստացել, որ Հալաբյան փողոցում՝ թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Երեխան վաղաժամ էր ծնվել՝ ոչ հիվանդանոցային պայմաններում, և ուներ շնչառական խնդիրներ։
Ավելի ուշ նրան տրվել էր Սոսե անունը՝ ի պատիվ Սոսե Մայրիկի։


