40 օր առանց քեզ, իսկ ինձ համար դեռ ամեն ինչ էն առաջին օրվա պես անտանելի դժվար է․ Նուշիկ Օհանյան
Բլոգեր Նուշիկ Օհանյանը գրում է․ «40 օր առանց քեզ…
Ասում եք՝ ես ուժեղ եմ։ Հա՞… ես ուժե՞ղ եմ։
Ես ինձ հիմա աշխարհի ամենաթույլ ու ամենաանօգնական մարդն եմ զգում։
Իմ կյանքում այսքան լավ մարդկանցով շրջապատված լինելով հանդերձ՝ երբեք այսքան մենակ ու անօգնական չեմ եղել։
Հա՛, շատերդ ասում եք՝ «քո տեղը ես չէի դիմանա»։
Հա՛, կողքից կարող է թվալ, թե ես ինչ-որ գերբնական ուժ ունեմ։
Ու ասում են՝ «Աստված փորձություն չի տալիս նրան, ով չի կարող հաղթահարել»։
Բայց գիտե՞ք… այդ խոսքերին շատ հեշտ է հավատալ, մինչև ինքդ չես կանգնում մի ցավի առաջ, որը հաղթահարել հնարավոր չէ։
Իմ տրավման ինձ ուժեղ չի դարձրել։
Այն ինձ կոտրել է։ Ընդմիշտ։
Ես չեմ «հաղթահարելու» սա։
Չեմ դառնալու էն մարդը, ով եղել եմ մինչև քեզ կորցնելը։
Ես ուղղակի ստիպված եմ սովորել ապրել կոտրված սրտով։
Արթնանալ։ Երեխաներիս գրկել։ Քայլել։ Աշխատել։ Ապրել։
Երբ ներսումս ամեն ինչ փլված է։
Գուցե ուժը հենց սա է՝ ոչ թե չկոտրվելը, այլ կոտրված մնալով շարունակելը։
40 օր առանց քեզ…իսկ ինձ համար դեռ ամեն ինչ էն առաջին օրվա պես անտանելի դժվար է»։


