ՏեսանյութՄամուլ

«Ծանր է շնչում, ոսկոր չունի». ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անիի ամուսինը մանրամասներ է հայտնել

Իր տանը ներթափանցած ադրբեջանցի զինծառայողին վնասազերծած Անի Ավետիսյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Ըստ հարազատների՝ նրա վիճակը շարունակում է անհանգստացնող մնալ։ Ծանր է շնչում և ցավեր ունի։ Այս մասին այսօր «Հայլուր»-ին հայտնել է Անիի ամուսինը։

Անի Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում իր տանը հայտնաբերել էր ադրբեջանցի զինծառայողին, որը կրակել էր կնոջ ոտքին։ Անիին հաջողվել էր դիմադրել և դանակով վնասազերծել ադրբեջանցուն, որից հետո վերջինս փախել և թաքնվել էր անասնագոմում, որտեղ նրան հայտնաբերել էին իրավապահները։

Դեպքի հետևանքով վնասվածքներ են ստացել նաև Անիի երեխաներից երկուսը։ Նրանցից մեկը դաստակի հատվածում վնասվածք էր ստացել, իսկ մյուսը հոգեբանական ծանր վիճակում էր հայտնվել։ Հարազատների փոխանցմամբ՝ երեխաները դեպքից հետո վախեցած են եղել և հոգեբանական աջակցության կարիք են ունեցել։

Անիի վնասվածքը ծանր է։ Նրա ոտքի վիրահատության ընթացքում հեռացվել են բազմաթիվ բեկորներ և փշրված ոսկորի հատվածները։ Բժիշկները պայքարում են ոտքը պահպանելու համար։ Հարազատների փոխանցմամբ՝ Անիին դեռ մի քանի վիրահատություն է սպասվում, իսկ վերականգնումը կարող է ամիսներ տևել։

Միաժամանակ, Առողջապահության նախարարությունից հոկտեմբերի 5-ին հայտնել էին, որ Անի Ավետիսյանի հետվիրահատական վիճակը կայուն է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Կնոջ առողջական վիճակի մասին տեղեկությունները, սակայն, հարազատների խոսքով, սուղ են, և նախարարությունը մանրամասներ է հայտնում հիմնականում լրատվամիջոցների հարցումներից հետո։

Դեպքից հետո Անի Ավետիսյանին այցելել են նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ ՄԻՊ գրասենյակից հայտնել էին, որ Անի Ավետիսյանի և նրա երեխաների իրավունքներին վերաբերող հարցերը գտնվում են ՄԻՊ անմիջական ուշադրության ներքո։

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը ձերբակալվել է, ապա նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել մի քանի հոդվածներով։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում