Մամուլ

Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են

Oragir.news-ը գրում է․ «Ընտրություններից առաջ ՔՊ-ականները մատնացույց էին անում առողջապահության ապահովագրման համակարգի ներդրումն ու պարծենում, որ փաստացի անվճար է բուժսպասարկումը բազմաթիվ մարդկանց համար։ Պոլիկլինիկաները համակարգում ընդգրկված բուժառուներին ուղեգրում էին համապատասխան բուժհիմնարկներ, որտեղ բուժծառայություն էին մատուցում մարդկանց։

Շատերը կասկած էին հայտնում, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Ընտրություններից առաջ կանխատեսվում էր, որ առողջապահության բյուջեն չի դիմանա համակարգի ծախսերին։ Ոմանք կարծիք էին հայտնում, որ ընտրություններից հետո ՔՊ-ական իշխանությունները բուժհաստատությունների քթից բերելու և հետ են պահանջելու հատկացված գումարները։

Օրեր առաջ «Ազատությունը» գրել է, որ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը մի շարք բուժհաստատություններից պահանջում է վերադարձնել իր իսկ կողմից հաստատված և ֆինանսավորված ամբուլատոր բուժման գումարները։ Այսինքն՝ հիմնադրամը բուժումը նախ հաստատել, հետո ֆինանսավորել է, իսկ ամիսներ անց պահանջում է վերադարձնել այդ գումարը։

Այսպիսով՝ կարելի է ասել, որ ընդդիմախոսների իրատեսական կանխատեսումներն իրականություն են դառնում։ Ապահովագրության ներդրումը տվեց իր արդյունքը։ Պետության հաշվին բուժված բազմաթիվ մարդիկ ընտրեցին ՔՊ-ին։ Եվ ընտրություններից հետո իշխանությունները, բնականաբար, պետք է փորձեին հետ բերել հատկացված գումարները։ Հետևապես՝ այստեղ զարմանալի բան չկա։

Մտահոգիչն այն է, որ լրատվամիջոցին դիմած բժիշկները հրաժարվում են նշել իրենց և բուժհիմնարկների անունները, մանրամասներ պատմել։ Այսինքն՝ բժիշկներն ու բուժհաստատություններն իրականում տուժում են, հետ են վերադարձնում հիմնադրամից ստացած գումարները, ձեռնունայն են մնում, սակայն այդ ամենի մասին հրաժարվում են վկայություն տալ, նշել կոնկրետ իրենց և բուժհիմնարկների անունները։ Իսկ Առողջապահության նախարարությունը անստորագիր պատմությունները կարող է չարախոսություն, բամբասանք, ասեկոսե որակել և բանի տեղ չդնել։

Ինչո՞ւ են բժիշկները վախենում հասցեական և պատասխանատու կերպով խոսել խնդրի մասին։

Բժիշկների նկատմամբ վստահությունը կարևոր է, ինչպես արդարադատության նկատմամբ վստահությունն է կարևոր։ Եթե մարդը կարծի, որ երկրում արդարադատություն չկա, ապա հանցագործությունն ու ապօրինությունը կուտեն ժողովրդին։ Իսկ եթե մարդը մտածի, թե բժիշկներն ազնիվ չեն, ապա չեն դիմի բժշկի, և հիվանդությունները ժողովրդին կուտեն։

Երբ բժիշկն այս կարևոր խնդրի մասին հրաժարվում է հասցեական և պատասխանատու խոսել, ապա հիմք է տալիս ենթադրելու, որ ազնիվ չէ, տակը կեղտոտ է։ Մեկ այլ ենթադրությամբ՝ բժիշկները վախենում են ՔՊ-ական իշխանությունների հաշվեհարդարից, աշխատանքից հանիրավի զրկվելուց։ Ավելին՝ տեսնելով քաղաքական բռնաճնշումները, բժիշկները, հավանաբար, վախենում են, որ իրենք կենթարկվեն բռնաճնշումների և չեն կարողանա պաշտպանվել դատարանում։

Քաղաքացիական հասարակությունում այսպիսի վախերը տեղ չունեն։ Ի տարբերություն հետամնաց հանրույթների՝ քաղաքացիական հասարակությունում մարդիկ չեն վախենում ճշմարտությունն ու իրենց իրավունքները պաշտպանելուց։ Դա անում են ոչ միայն իրենց գրպանի, այլև պետությունն Աստծո աչքում արդարացնելու համար։ Իսկ մեր բժիշկները չեն խոսում, ինչի արդյունքում խեղճերը մի քանի ամիս պակաս աշխատավարձ են ստանալու, քանի որ բուժհիմնարկները ստիպված են լինելու հետ վճարել ապահովագրության հիմնադրամի հատկացումները։ Իսկ եթե ժողովուրդը սկսի կասկածել բժիշկների ազնվությանը կամ մարդասիրական խիզախությանը, ապա, հավանաբար, չի դիմի նրանց։

Կարճ ասած՝ եթե բժիշկները մտածում են իրենց հեղինակության, հանրային վստահության, ժողովրդի առողջության ու պետության մասին, ապա խիզախորեն կպատմեն այս երևույթի մասին»։

Կիսվեք ձեր էջում