20-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել սանմաքրման աշխատակցուհուն
ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ օգոստոսի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 16:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Մխիթար Շ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Էրալյուքս» հանդիսությունների սրահի դիմաց վրաերթի է ենթարկել ճանապարհին մաքրման աշխատանքներ կատարող Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Հրանուշ Պ-ին։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է Հրազդանի քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» ՓԲԸ-ում։




