Մամուլ

Հերացու անվան ավագ դպրոց մտած 48-ամյա տղամարդը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում

Օգոստոսի 8-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի է մտել «Հերացու» անվան ավագ դպրոց, դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, հայհոյում է, և չնայած նրան դուրս հրավիրելուն՝ չի հեռանում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ժամը 12։10-ի սահմաններում, Հրաչյա Ներսիսյան փողոցի 3 հասցեում գտնվող «Հերացու» անվան ավագ դպրոց է մտել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 48-ամյա Արմեն Հ․-ն։ Տվյալ պահին դպրոցում ներկա են գտնվել երկու ուսուցիչ, զինղեկը և վերանորոգման աշխատանքներ իրականացնող 3 անձ։ Արմեն Հ․-ն, ըստ տեղեկությունների, տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արմեն Հ․-ն ոստիկանների կողմից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում