2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն
2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են հանրակրթական դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների, նախադպրոցական ու արտադպրոցական հաստատությունների տնօրենների, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունները։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ԿԳՄՍ-ից։
Խորհրդակցությունները վարում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է նախորդ ուսումնական տարվա արդյունքներն ու նոր ուսումնական տարվա հիմնական անելիքները՝ առանձնացնելով հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացը։ Նրա խոսքով՝ նախորդ տարի չափորոշիչն արդեն գրեթե ամբողջությամբ ներդրված էր, իսկ այս տարի այն կներդրվի նաև 12-րդ դասարանում։ Նոր կարգավորումներով՝ միջին դպրոցում ավելացել են պետական բաղադրիչի ժամերը, իսկ տարրական և հատկապես ավագ դպրոցներում՝ դպրոցական բաղադրիչի ժամերը։
Նախագծային ուսուցման դեպքում շեշտը դրվելու է բովանդակության վրա
Նախագծային ուսուցման պահանջները ևս փոփոխվել են։ Հիմնական դպրոցում յուրաքանչյուր սովորող տարեկան պետք է իրականացնի առնվազն մեկ նախագծային աշխատանք, իսկ ավագ դասարաններում՝ առնվազն մեկ աշխատանք՝ նպատակային ծրագրով ուսումնասիրվող առարկաներից։
«Չպետք է մոռանանք, որ նախագծային ուսուցումը միջոցառման պլանավորում չէ»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ առաջնայինը նախագծի արդյունքում սովորողի ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն են։
Նոր առարկաներ՝ «Առողջ ապրելակերպ» և «Անվտանգ կենսագործունեություն»
Հանրակրթության պետական չափորոշչում իրականացված փոփոխություններով՝ «Առողջ ապրելակերպը» 5-րդ և 10-րդ դասարաններում դառնում է առանձին առարկա։ Նույն դասարաններում դասավանդվելու է նաև «Անվտանգ կենսագործունեությունը», որը հիմնականում գործնական ուղղվածություն կունենա՝ սովորեցնելով նաև արտակարգ իրավիճակներում ճիշտ գործելու և գոյատևելու հմտություններ։ 11-րդ դասարանում այն նախատեսվում է կազմակերպել ամառային ճամբարի ձևաչափով։
12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը կդառնա ավելի ճկուն
Ավագ դպրոցում առանցքային խնդիրներից մեկը 12-րդ դասարանցիների հաճախումներն են, հատկապես՝ հունվարին ընդունելության քննություններ հանձնելուց հետո։ Նախատեսվում է երկրորդ կիսամյակում նրանց համար կազմակերպել ավելի շատ նախագծային աշխատանքներ, խմբակներ և կամավորական աշխատանք, որի դիմաց հնարավոր կլինի կրեդիտներ ստանալ։
Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ դպրոցը պետք է կարողանա աշակերտին պատրաստել ընդունելության քննություններին՝ աստիճանաբար նվազեցնելով կրկնուսույցների անհրաժեշտությունը։


