Սեպտեմբերի 1-ն առանց սթրեսի․ ինչպես պատրաստել երեխային դպրոցին
Սեպտեմբերի 1-ը մոտենում է, և դպրոց վերադառնալուն պատրաստվում են թե՛ երեխաները, թե՛ ծնողները։ Նոր ուսումնական տարվա մեկնարկը շատերի համար ուրախ իրադարձություն է, սակայն որոշ երեխաների մոտ այն կարող է առաջացնել անհանգստություն, վախ և սթրես։
Հատկապես զգայուն շրջան է առաջին դասարան գնացող երեխաների համար։ Նրանց կյանքում դպրոցը նոր միջավայր է՝ նոր կանոններով, ուսուցչով և դասընկերներով։ Սակայն դպրոց վերադառնալու հետ կապված անհանգստություն կարող է առաջանալ նաև ավելի մեծ տարիքի երեխաների մոտ։
Հոգեբան Լուսինե Ալավերդյանի խոսքով՝ երեխայի անհանգստությունը պետք չէ շտապ վերագրել քմահաճությանը։
«Սեպտեմբերի 1-ը երեխայի կյանքում փոփոխության շրջան է։ Նա վերադառնում է մի միջավայր, որտեղ կան կանոններ, պարտականություններ, ակնկալիքներ և ժամանակային սահմանափակումներ։ Իսկ ցանկացած փոփոխություն, հատկապես անորոշության պայմաններում, կարող է անհանգստություն առաջացնել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց հոգեբանը։
Առաջին դասարան գնացող երեխային պատրաստելիս մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս խուսափել ավելորդ պահանջներից։ «Պետք է լավ սովորես», «պետք է ամեն ինչ ճիշտ անես» արտահայտությունները կարող են ավելի մեծացնել երեխայի լարվածությունը։
«Ավելի լավ է երեխային պատրաստել իրականությանը՝ բացատրել, որ սկզբում որոշ բաներ կարող են անծանոթ լինել, հնարավոր է՝ նա սխալվի, ինչ-որ բան չհասկանա կամ կարոտի ծնողին։ Այդ ամենը նորմալ է։ Կարևոր է, որ երեխան հասկանա՝ առաջին իսկ օրվանից ամեն ինչ իմանալու պարտավորություն չունի»,- նշեց Ալավերդյանը։
Երեխայի համար դպրոցական միջավայրը ավելի կանխատեսելի դարձնելու համար ծնողները կարող են նախապես այցելել դպրոց, ցույց տալ դասարանը և ծանոթացնել տարածքին։ Տանը կարելի է նաև խաղարկել տարբեր իրավիճակներ՝ ինչպես ծանոթանալ դասընկերոջ հետ, հարց տալ ուսուցչին կամ օգնություն խնդրել։
Ամաչկոտ երեխաների դեպքում ևս կարևոր է չստիպել նրանց անմիջապես ակտիվ շփվել։
«Ամաչկոտ երեխային պետք չէ ստիպել սոցիալական ակտիվության։ «Գնա խոսիր», «ինչո՞ւ չես ընկերանում», «մի՛ ամաչիր» արտահայտությունները սովորաբար չեն օգնում և կարող են ավելի մեծացնել լարվածությունը։ Ավելի արդյունավետ է փոքր քայլերով աջակցել երեխային»,- ասաց հոգեբանը։
Դպրոցական առաջին օրերին երեխայի լացը նույնպես կարող է լինել բնական արձագանք։ Երեխան կարող է միաժամանակ զգալ ուրախություն, հետաքրքրություն, վախ և կարոտ։
«Լացը կարող է լինել այդ հույզերի արտահայտման ձևերից մեկը և ինքնին դեռ չի նշանակում, որ խնդիր կա»,- ընդգծեց մասնագետը։
Միևնույն ժամանակ, եթե երեխայի լարվածությունը չի նվազում կամ ավելի է ուժեղանում, և դրան միանում են քնի խանգարումներ, ֆիզիկական գանգատներ, դպրոցից խուսափելու ցանկություն կամ վարքի էական փոփոխություններ, անհրաժեշտ է հասկանալ պատճառը և, հարկ եղած դեպքում, դիմել մասնագետի։
Հոգեբանի խոսքով՝ դպրոցական սթրեսի հաղթահարման կարևոր պայմաններից մեկը ընտանիքում անվտանգ միջավայրի ստեղծումն է։ Երեխան պետք է իմանա, որ իր արժեքը կախված չէ գնահատականներից, սխալվելը բնական է, իսկ դժվարության դեպքում ծնողը կլսի և կաջակցի իրեն։
«Երեխան պետք է զգա, որ իր արժեքը կախված չէ գնահատականներից, որ սխալվելու իրավունք ունի, և որ դժվարության դեպքում ծնողը ոչ թե կքննադատի, այլ կլսի ու կաջակցի։ Դպրոցական հարմարվողականության ամենակարևոր հիմքերից մեկը հենց այդ անվտանգությունն է»,- եզրափակեց Լուսինե Ալավերդյանը։


