Անգամ Սիրուշոյի «Պռեգոմեշ» խանութներ են ավտոմшտներով մտել, աչք են վախեցնում. Լևոն Քոչարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ իր գործընկերները չեն շեղվի իրենց դիրքորոշումից։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Սահմանադրության փոփոխության հարցում աջակցություն ստանա «Հայաստան» խմբակցությունից, Քոչարյանը միանշանակ բացառել է այդ տարբերակը։
Խոսելով հնարավոր ճնշումների, վախեցնելու կամ կոմպրոմատների կիրառման մասին՝ նա նշել է, որ իրենց խմբակցության անդամները փորձառու քաղաքական գործիչներ են և նման մեթոդներով նրանց վրա ազդեցություն գործել չի հաջողվի։
«Մեզ այնքան են վախեցրել, նույնիսկ նստեցրել են»,– ասել է նա՝ հավելելով, որ իշխանությունները, իր կարծիքով, նույնիսկ չեն փորձի գնալ այդ ճանապարհով։
Քոչարյանի գնահատմամբ՝ նոր խորհրդարանի աշխատանքը չի կարելի կառուցողական համարել։ Նրա խոսքով՝ իշխող խմբակցության պատգամավորները հաճախ իրենց ելույթներում շեղվում են օրակարգային թեմաներից և խոսում այլ հարցերի մասին։
«Երբ ասելիք չեն ունենում, սկսում են խոսել այն մասին, թե ինչ է եղել 30, 20, 10 տարի առաջ, իսկ այսօրվա մասին հարցերին պատասխանելիս ամբողջ ճշմարտությունը չեն ասում», – նշել է նա։
Պատգամավորը նաև հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանության է արդեն ութ տարի, ինչը, նրա խոսքով, հավասար կամ նույնիսկ ավելի երկար ժամանակահատված է, քան Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիները։ Նրա կարծիքով՝ ստեղծվել է տպավորություն, թե իշխող ուժը հանդես է գալիս ընդդիմության դիրքերից։ Քոչարյանը նաև ենթադրել է, որ նման վարքագիծը պայմանավորված է քաղաքական հաշվարկներով և ուղղված է սեփական ընտրազանգվածի համակրանքը պահպանելուն։
Տեսանյութը՝ ստորև․


