Մամուլ

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. Այգավանի կամրջի մոտ բախման հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail», «Kia» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վեդու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Վեդու հիվանդանոց։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Մինչ կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Վեդիի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով «Opel»-ներից մեկը, որը վերածվել է մետաղե ջարդոնի, հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում