Իրար են բախվել հարսանիքի մեկնող «Mercedes G»-ն ու «Nissan X-Trail»-ը. կան վիրավորներ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գառնի-Արարատի մարզ տանող ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում, բախվել են «Mercedes G» («Յաշիկ») և «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երկու ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Յաշիկն» էլ կողաշրջվել է։
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ Գառնու ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել՝ սկզբից տեղափոխելով 4 քաղաքացու։
Որոշ ժամանակ անց մեկ հոգի նույնպես բժշկական օգնության կարիք է ունեցել, ինչի համար Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները լրացուցիչ շտապօգնություն են պահանջել, և օպերատիվորեն ժամանած Գառնու ամբուլատոր կենտրոնի բժիշկները 5-րդ վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ «Mercedes G»-ն մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության, երբ «Nissan»-ի հետ տեղի է ունեցել բախումը։
Դեպքի վայրում էին նաև հարսանիքի մեկնող մի քանի այլ «յաշիկավարներ»։





