Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին, նրա հորն ու մորը
Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղ ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու՝ դանակահարված վիճակում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը, նրա հայրն ու մայրը։
Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են թե որտեղ են նրանք դանակահարվել։
Դեպքի փաստով ստիկանության Սպիտակի բաժում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։
Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը։


