Գերեզմաններում հայտնաբերվել է ավտոմեքենա, որի մեջ երիտասարդ տղայի մահացած մարմինն է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 3-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Սևան քաղաքի գերեզմաններում ավտոմեքենա կա կայանված, որի մեջ էլ՝ դի։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության պետ Սանթուր Դուրգարյանը։
Համայնքային և քրեական ոստիկաններն ու պարեկները գերեզմանների տարածքում հայտնաբերել են «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքի նստատեղին հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ է, ով այցելել է իր հարազատի գերեզմանը, իսկ հետո էլ նրան հայտնաբերել են ավտոմեքենայում մահացած։


