ՄամուլՏեսանյութ

Շանթի Յուրան իր տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման մասին․ ինչո՞ւ սպանվեց Գեչի Սամոյի փեսան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացել գործարար Յուրա Ղարիբյանը՝ հայտնի որպես Շանթի Յուրա, և դատարանում ցուցմունք էր տալիս ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ։ Գրում է armlur.am-ը։

Նիստի ավարտից հետո հարցեր ուղղեցինք գործարար Յուրա Ղարիբյանին՝ Շանթի Յուրային, 12 տարի առաջ իր տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման մասին, որի հետևանքով ավազակային հարձակում իրականացնողը սպանվեց։ Իսկ թե ինչ կատարվեց, ներկայացնենք ամենասկզբից։

2014 թվականի դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան 65 հասցեում գտնվող տանը, որը պատկանում է գործարար, «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին։ Սակայն ավազակային հարձակումը բավականին հարցականներ է առաջացրել իրավապահների շրջանում, որոնք փորձել են գտնել գործարարի և ավազակային հարձակում իրականացնողի միջև առկա հնարավոր կապը։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Սարգսյանը, զինված և դիմակավորված, մուտք է գործել նշված հասցեի տուն, ընտանիքի անդամներից սպառնալիքի միջոցով պահանջել թանկարժեք զարդեր և գումար։ Նա իր մոտ եղած ողորկափող հրացանից կրակոցներ էր արձակել տանը գտնվող անձանց ուղղությամբ։ Տան անդամները Գևորգ Սարգսյանին դիմադրություն էին ցույց տվել, որի ընթացքում վերջինս կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ էր ստացել և, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել։

Նշենք, որ երբ Գևորգ Սարգսյանը մուտք էր գործել գործարարի տուն, այնտեղ եղել էին միայն կանայք՝ տանտիրուհին, մայրը, դայակը և մեկ տարեկան երեխան։ Ընտանիքի հայրը՝ Յուրա Ղարիբյանը, տուն էր եկել ավելի ուշ՝ հեռախոսով լսելով ահաբեկման ձայները։

Քննության տվյալներով՝ ամուսինը զանգահարել էր կնոջ հեռախոսահամարին, հեռախոսազանգը միացել էր, սակայն կինը չէր խոսել։ Փոխարենը լսվել էր մի տղամարդու ձայն, որը ահաբեկել էր ընտանիքի անդամներին և նրանցից գումար էր պահանջել՝ սպառնալով սպանել։ Նա անմիջապես գնացել էր տուն, իսկ վարորդին հանձնարարել էր զանգահարել ոստիկանություն։

Զինված տղամարդու կողմից կրակոցներ էին արձակվել ընտանիքի հոր, կնոջ և դայակի ուղղությամբ, որի գրկին եղել էր մանկահասակ երեխան։

Ավազակային հարձակման առեղծվածը

Նկատենք, որ այս ավազակային հարձակումը մի շարք հարցականներ է առաջացրել ոչ միայն հասարակության, այլև իրավապահների շրջանում։ Դատելով մինչ այդ տեղի ունեցած դեպքերից՝ ավազակային հարձակում իրականացնողները սովորաբար բնակարաններ կամ առանձնատներ են մուտք գործում երեկոյան ժամերին։ Սակայն այս դեպքում Գևորգ Սարգսյանը գործարարի տուն էր մտել ժամը 14։00-ի սահմաններում, ինչը կասկածների տեղիք էր տալիս։

Միգուցե Գևորգ Սարգսյանի նպատակը գործարարին թալանելը չի եղել, այլ նա այլ հարց է ունեցել Վարշամ (Յուրա) Ղարիբյանի հետ։ Իսկ ո՞վ էր Գևորգ Սարգսյանը և ի՞նչ կապ կարող էր ունենալ գործարարի հետ։

Հայտնի փեսայի առեղծվածը

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ Գևորգ Սարգսյանն ապրում էր Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում կամ, ինչպես առավել հայտնի է, Չերեմուշկա թաղամասում։ Նա քրեական աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան է եղել։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա ֆինանսական խնդիրներ է ունեցել, բացի այդ՝ կորցրել էր բենզալցակայանը։ Այսպիսով, ի՞նչը կարող էր նրան դրդել գնալ այդ քայլին․ դա այդպես էլ մնաց անհայտ։

Եվ այսպես, այս աղմկահարույց և առեղծվածային դեպքի մասին հենց Հակակոռուպցիոն դատարանի բակում հարցեր ուղղեցինք գործարար Շանթի Յուրային։

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Կիսվեք ձեր էջում