Մամուլ

Ինչպե՞ս մեղմել շոգի ազդեցությունը օրգանիզմի վրա

Շոգ եղանակին խորհուրդ է տրվում օգտագործել սովորականից ավելի շատ հեղուկներ՝ օրական մոտ 3 լիտր, սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք պետք է հեղուկի քանակը համաձայնեցնեն իրենց բուժող բժշկի հետ։

Հատկապես խորհուրդ է տրվում․

Թեյ՝ ծարավը հագեցնելու արդյունավետ միջոց է՝ անկախ նրանից՝ սառը է, տաք, թե գոլ։ Առանձնապես օգտակար է կանաչ թեյը․ օրական 4 բաժակ կարող է պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Ջուր՝ ամենահասանելի և արդյունավետ տարբերակն է․ այն ավելի լավ է հագեցնում ծարավը, եթե մեջը ավելացվի կիտրոն կամ թթու հատապտուղ։

Կաթ և կաթնամթերք՝ կեֆիրը, յոգուրտը և մածունը օրգանական թթուների շնորհիվ նույնպես լավ հագեցնում են ծարավը։

Բնական հյութեր և նեկտարներ՝ ամռանը օգտակար են լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերը։


Սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է․

  • խուսափել արագ փչացող սննդամթերքից (միս, ձու, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, սենդվիչներ, ձկնեղեն, աղցաններ և այլն), հատկապես բացօթյա և ոչ սառնարանային պայմաններում վաճառվողներից
  • պահել փչացող մթերքը սառնարանում
  • չօգտագործել կրեմային հրուշակեղեն, տեղում պատրաստված փափուկ պաղպաղակ, կվաս կամ թարմ մրգային հյութեր
  • ընտրել միայն թարմ և ժամկետանց չլինող մթերք
  • չգնել պատահական վայրերից սունկ, և զգուշությամբ օգտագործել այն
  • մթերքը պահել փակ տարաներում՝ միջատներից պաշտպանելու համար
  • մրգերն ու բանջարեղենը մանրակրկիտ լվանալ։

Ամռանը կարևոր է նաև անձնական հիգիենան՝ հաճախակի լվանալ ձեռքերը և լոգանք ընդունել։

Պետք է խուսափել դեկորատիվ ջրավազաններում, գետերի և լճակների աղտոտված հատվածներում լողանալուց, քանի որ այնտեղ մանրէները արագ են բազմանում։


Մարմնի ջերմաստիճանը նվազեցնելու համար կարելի է․

  • հաճախ ընդունել զով ցնցուղ կամ ոտքերի սառը լոգանք
  • սառը ջրով թրջված սրբիչով շփումներ անել
  • սառը կոմպրեսներ դնել ծոծրակին և թևատակերին։

Փակ տարածքներում օդը սառեցնելու համար՝

  • օգտագործել օդորակիչ
  • փակել արևի կողմի պատուհանները և օգտագործել հաստ վարագույր
  • կիրառել օդափոխիչներ
  • մնալ ամենահով սենյակում
  • նվազեցնել գազօջախի և ջերմություն առաջացնող սարքերի օգտագործումը։

Սննդակարգը նույնպես պետք է կարգավորել․

  • նվազեցնել կալորիականությունը
  • ուտել ավելի հաճախ, բայց փոքր չափաբաժիններով
  • հիմնական սնունդն ընդունել օրվա զով ժամերին
  • նվազեցնել ճարպերով հարուստ և դժվարամարս սնունդը՝ նախընտրելով անյուղ միս, մսամթերք և ձուկ։
Կիսվեք ձեր էջում