Ինչպե՞ս մեղմել շոգի ազդեցությունը օրգանիզմի վրա
Շոգ եղանակին խորհուրդ է տրվում օգտագործել սովորականից ավելի շատ հեղուկներ՝ օրական մոտ 3 լիտր, սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք պետք է հեղուկի քանակը համաձայնեցնեն իրենց բուժող բժշկի հետ։
Հատկապես խորհուրդ է տրվում․
Թեյ՝ ծարավը հագեցնելու արդյունավետ միջոց է՝ անկախ նրանից՝ սառը է, տաք, թե գոլ։ Առանձնապես օգտակար է կանաչ թեյը․ օրական 4 բաժակ կարող է պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Ջուր՝ ամենահասանելի և արդյունավետ տարբերակն է․ այն ավելի լավ է հագեցնում ծարավը, եթե մեջը ավելացվի կիտրոն կամ թթու հատապտուղ։
Կաթ և կաթնամթերք՝ կեֆիրը, յոգուրտը և մածունը օրգանական թթուների շնորհիվ նույնպես լավ հագեցնում են ծարավը։
Բնական հյութեր և նեկտարներ՝ ամռանը օգտակար են լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերը։
Սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է․
- խուսափել արագ փչացող սննդամթերքից (միս, ձու, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, սենդվիչներ, ձկնեղեն, աղցաններ և այլն), հատկապես բացօթյա և ոչ սառնարանային պայմաններում վաճառվողներից
- պահել փչացող մթերքը սառնարանում
- չօգտագործել կրեմային հրուշակեղեն, տեղում պատրաստված փափուկ պաղպաղակ, կվաս կամ թարմ մրգային հյութեր
- ընտրել միայն թարմ և ժամկետանց չլինող մթերք
- չգնել պատահական վայրերից սունկ, և զգուշությամբ օգտագործել այն
- մթերքը պահել փակ տարաներում՝ միջատներից պաշտպանելու համար
- մրգերն ու բանջարեղենը մանրակրկիտ լվանալ։
Ամռանը կարևոր է նաև անձնական հիգիենան՝ հաճախակի լվանալ ձեռքերը և լոգանք ընդունել։
Պետք է խուսափել դեկորատիվ ջրավազաններում, գետերի և լճակների աղտոտված հատվածներում լողանալուց, քանի որ այնտեղ մանրէները արագ են բազմանում։
Մարմնի ջերմաստիճանը նվազեցնելու համար կարելի է․
- հաճախ ընդունել զով ցնցուղ կամ ոտքերի սառը լոգանք
- սառը ջրով թրջված սրբիչով շփումներ անել
- սառը կոմպրեսներ դնել ծոծրակին և թևատակերին։
Փակ տարածքներում օդը սառեցնելու համար՝
- օգտագործել օդորակիչ
- փակել արևի կողմի պատուհանները և օգտագործել հաստ վարագույր
- կիրառել օդափոխիչներ
- մնալ ամենահով սենյակում
- նվազեցնել գազօջախի և ջերմություն առաջացնող սարքերի օգտագործումը։
Սննդակարգը նույնպես պետք է կարգավորել․
- նվազեցնել կալորիականությունը
- ուտել ավելի հաճախ, բայց փոքր չափաբաժիններով
- հիմնական սնունդն ընդունել օրվա զով ժամերին
- նվազեցնել ճարպերով հարուստ և դժվարամարս սնունդը՝ նախընտրելով անյուղ միս, մսամթերք և ձուկ։


