Ազատ խոսք

Անդրանիկս, այսօր նորից վերհիշեցի քո վերջին հեռախոսազանգն ու մեր վերջին խոսակցությունը 10 տարի առաջ այս օրը․ զոհվածի հայր

Ապրիլյան պատերազմի 10-րդ տարելիցին ընդառաջ պատերազմում զոհված Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը գրել է.

«Անդրանիկս… Այսօր նորից վերհիշեցի քո վերջին հեռախոսազանգն ու մեր վերջին խոսակցությունը 10 տարի առաջ այս օրը` մարտի 29֊ին, մոտավորապես այս ժամերին… Դու զանգեցիր, իրար հետ զրուցեցինք, հետո մամայիդ հետ խոսեցիր…

Ձայնդ ականջիս մեջ է… Ասացիր, որ պատրաստվում եք ապրիլի 1֊ին դիրքեր բարձրանալ։ Առողջական փոքր խնդիր ունեիր, անհանգիստ էինք։ Երբ այդ մասին հարցրեցի`պատասխանեցիր, որ դատարկ բան է, հետդ դեղ ես վերցնում, կկարգավորվի …«Չմտածես, պապ ջան, դատարկ բան է, կանցնի-կգնա»… Հասկացա, որ մտահոգությունդ ավելի շատ այն է, որ այդ «դատարկ բանը»` ինչպես դու ասացիր, հանկարծ դիրքեր բարձրանալուդ չխանգարի։

Պատասխանատվության զգացումդ գիտեի, բան չասացի… Իսկ «պապ ջան»-ը մինչև հիմա ականջումս է… Տանը էդպես չէիր դիմում։ Դժվարանում եմ հիշել… Քո ոճը չէր, միշտ զուսպ ու չափի մեջ ես եղել, անգամ զգացմունքներդ արտահայտելիս քեզ շատ բաներ թույլ չէիր տալիս։ Դաստիարակությունդ էր պատճառը, երևի…

Հետո հասկացա` մեծացել ես, ուզում ես հեռավորությունից անգամ խոսքով հոգ տանել` էսպես մեծավարի, տղամարդավարի։

Հաճելի էր, ինչ խոսք։ Միշտ էլ էդպես ենք վերաբերվել մեկմեկու, առանց ավելորդությունների, տղամարդավարի, զուսպ ու հավասարակշիռ։ Ես դա արել եմ ծնողական բավարարվածության զգացումով ու ներքին խանդաղատանքով, որ որդիս տղամարդ է մեծանում, իսկ դու` անթաքույց հպարտությամբ, որ կարողանում ես կյանքում քեզ բաժին ընկած դժվարությունները հաղթահարել ոչ թե դրանցից խուսափելու, այլ դրանց ընդառաջ գնալու, դրանց վրա «կանգնելու»` խնդիրները «կոտրելու» և դրանք մարսելու գնով քո ուզածին հասնելու կամքով։

… Դիրքեր բարձրանալու գիշերը եղավ ապրիլի 2֊ը… Դու, Արմենակը, Ռոբերտը, Քյարամը կռվեցիք մինչև լուսաբաց…

Դիրքը չլքեցիք, չնահանջեցիք, չփախաք…

Ձեր կյանքի գնով պահեցիք 116-ը, Մարտակերտը… Դու կյանքդ տվեցիր, ու հիմա մենք ապրում ենք մշտապես քո շունչն ու ներկայությունը զգալով։ Ես ամեն օր մտովի պատկերացնում եմ քո չապրած տարիները, քո ապրելիք կյանքը, ու դա օգնում է, որ դու միշտ մեր հետ լինես և մենք էլ կարողանանք շարունակել ապրել…

Հետո եղավ 2020-ի 44֊օրյան։ Պատերազմը բերեցին դավադիր կերպով, նենգաբար…

Հիմա մենք ձեր առաջ պետք է ազնիվ լինենք, տղաս… Դուք հաղթեցիք ձեր բաժին կռիվը, և հիմա ձեր մոտ գալիս մենք չենք կարողանում նայել ձեր աչքերին, փախցնում ենք մեր հայացքը, որի պատճառը այսօրվա պարտված ու ամոթալի վիճակն է։ Թշնամին մեր տուն է մտել։ Բայց մենք հետ ենք գալու, տղաս, անպայման վերադառնալու ենք մեր սրբավայր Արցախ, ու ոչ մի թշնամի թուրք, թրքաբարո ստահակ ու ազգադավ ապիկար չի կարողանալու զրկել մեզ մեր հայրենիքից, մեր երազանքներին ձգտելու, նպատակ դնելու ու դրանց հասնելու կամքից, ուժից ու եռանդից։ Ու դա լինելու է յուրաքանչյուր Հայի հոգում, ում համար հայկական բարքերով Ավանդական Ընտանիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Ազգային Պետությունը և մեր սրբությունների և արժեքների պահապան Հայոց Ազգային Բանակը բացարձակ, գերագույն և անփոխարինելի արժեքներ են։

Խոստումս նույնն է, Անդրանիկ, մինչև իմ ապրելիք օրերի վերջը տեր եմ լինելու քո կատարած ընտրությանն ու սխրանքին։

Փառքը Աստծուն, Պատիվը Ձեզ` Տղերք , հանուն հայրենիքի նահատակված մեր հերոս զավակներ…»։

Կիսվեք ձեր էջում