Դավիթ Քալաշյանը կալանավայրից հացադուլ է հայտարարել
Ակտիվիստ Դավիթ Քալաշյանը կալանավայրից հացադուլ է հայտարարել։ Նա իր խոսքում նշում է, որ դատարանն ապօրինի է նրան կալանքի տարել։
«Հայեր ջա՜ն‚ Արթիկի քրեակատարողական հիմնարկից այսօր հայտարարեցի հացադուլ. պահանջս՝ աբսուրդային գործս‚ որով կալանավորվել և դատապարտվել եմ‚ վերաբացելն ու արդար քննություն անցկացնելն է։
Վերաքննիչ դատարանի նախագահող դատավորը արդարացրել է ինձ‚ իսկ մյուս երկու դատավորները դեմ են եղել որոշմանը։
Իմ համոզմամբ՝ որոշ ընդդիմադիրների կողմից ճնշում է գործադրվել դատական համակարգի վրա‚ քանի որ որոշ ընդդիմադիրներ, ցավոք, դեռ ունեն ռեսուրսներ՝ դատական համակարգի վրա ազդելու համար։
Իսկ նախագահող դատավորի վրա չեն կարողացել ազդել‚ այդ իսկ պատճառով նախագահող դատավորը արդարացրել է ինձ։
Հարգելինե՛րս‚ խնդրում եմ՝ նյութը հնարավորինս շատ տարածել»։

Դավիթ Քալաշյանը, ինչպես նշված է իր սոցցանցում, «Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ նախագահն է։
Ավելի վաղ Դավիթը գրել էր․
«Գնում եմ կալանքի` հայեր ջան։ Շնորհավորում եմ 5-րդ շարասյանը. հասաք ձեր նպատակներին։ Ամեն ռեսուրս օգտագործեցիք պետության դեմ։ Ընդդիմությունը ջանք չխնայեց, որպեսզի շինծու աբսուրդային քրեական գործս վճռաբեկ դատարանը վարույթ չվերցնի, ու կատարվի մի շարք դատավարական սխալներ։
Կալանավայրից հացադուլ եմ հայտարարելու գործս վերաբացելու արդար քննություն կատարելու պահանջով։ Իրական երկրի մասին մտածող հայերիս խնդրում եմ միանալ պայքարին»։



