Զատուլինը դավաճանություն է անվանել «Նոր Հայաստան» ստեղծելու Փաշինյանի ծրագրերը
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Չորրորդ հանրապետության մասին խոսակցություններով Հայաստանի վարչապետը «գեղեցիկ փաթեթավորում է փնտրում» իր ներքին և արտաքին քաղաքական «ձախողված» գործողությունների համար: Իրականում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ նրա, «ոչ այլ ինչ է, եթե ոչ սահմանադրության փոփոխությունն անցկացնելու փորձ, որին, ըստ հարցումների, դեմ է Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը»: Այսպիսի գնահատական է տվել Զատուլինը RTVI պարբերականին տված հարցազրույցում։ Փ ոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին հայտարարեց երկրում Չորրորդ հանրապետության ստեղծման ծրագրերի մասին՝ 2026 թվականին ևս հինգ տարով իր լիազորությունները երկարաձգելու դեպքում: Ավելի ուշ նա բացատրեց, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնված կլինի «խաղաղության տրամաբանության» վրա, այլ ոչ թե «հակամարտության տրամաբանության», ինչպես Երրորդը:
Ընդ որում, օգոստոսի վերջին Gallup International ասոցիացիայի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 58 տոկոսը չի պաշտպանում ՀՀ Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահանջով, որը փոփոխությունները Բաքուն հանրապետությունների միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման է անվանում։ Զատուլինը նաև Չորրորդ հանրապետության մասին Փաշինյանի հայտարարությունները կապել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև Հայաստանի տարածքով անցնող և ԱՄՆ-ի կառավարմանը հանձնված միջանցք ստեղծելու ծրագրերի հետ։
«Ամերիկացիների մուտքը այդ զգայուն տարածք՝ այդ ապագա միջանցքի շահագործման համար, նշանակում է նրանց մոտենալը Իրանին, որի դեմ շարունակում են խաղալ, ընդ որում՝ ոչ միայն ամերիկացիները, այլ իսրայելցիները»,- նշել է Պետդումայի պատգամավորը:
Նա հիշեցնում է, որ Իրանի հետ կապերն օգնում էին Հայաստանին «պաշտպանել իր անկախությունը», սակայն հիմա Երևանը փաստացի հեռանում է Իսլամական Հանրապետության հետ համագործակցությունից և «Իրանի համար լրացուցիչ սպառնալիք է ստեղծում այդ կողմից»: Զատուլինը նաև հավելել է, որ խաղաղության համաձայնագրի քննարկման ժամանակ Ադրբեջանը Ռուսաստանի հետ առևտրային միջանցքների և հաղորդակցությունների բացման որևէ պարտավորություն չի ստանձնել:
Պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանի գործողություններն ուղղված են «ազգային գաղափարախոսության բոլոր նախկին հիմքերից հրաժարվելուն, Ցեղասպանության պատմության նկատմամբ հարգանքից և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմումից հրաժարվելուն», ինչպես նաև, հեռանկարում, Ռուսաստանի հետ դաշնակցությունից հրաժարվելուն և նրա ազդեցությունից դուրս գալուն: Զատուլինը նաև հիշեցրել է ՀՀ կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու դիմակայության մասին, եկեղեցու, որը «հայկական պետականության բացակայության պայմաններում 100 տարի շարունակ պահպանել է նրանց ինքնությունը, հայ ժողովրդին զերծ պահել ուծացումից»:
Իսկ Փաշինյանն իր գործողություններով «փաստացի ճանապարհ է հարթում» դեպի այդ ուծացումը և «փորձում է համոզել հայերին, որ, չնայած գլխներում առկա խառնաշփոթին, Արևմուտքն, իհարկե, օգնության կգա Հայաստանին, եթե պահանջվի, բայց ամենակարևորը՝ չի էլ պահանջվի, որովհետև բոլորը խաղաղ կապրեն»,-նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալը։
Նա զուգահեռներ է տարել Ֆրանսիայում Վիշիի ռեժիմի և մարշալ Ֆիլիպ Պետենի կառավարության հետ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում այդ երկրի պարտությունից հետո:
Հայաստանի Առաջին Հանրապետություն ընդունված է համարել 1918 թվականին հռչակված և մինչև 1920 թվականին Խորհրդային Միություն մտնելը գոյություն ունեցած հանրապետությունը:
Հայաստանի Խորհրդային շրջանը՝ մինչև 1991 թվականը, համարվում է Երկրորդ հանրապետություն։ Երկրի պատմության ներկայիս փուլը, որը սկսվել է ԽՍՀՄ փլուզմամբ, կոչվում է Երրորդ հանրապետություն:
Օգոստոսի վերջին Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հռչակագիրը, որտեղ առաջիկա ռազմավարական խնդիր է համարվում Հայաստանի Չորրորդ հանրապետության ստեղծումը: Խորհրդարանական ընտրություններում հաղթելու և սահմանադրական մեծամասնություն ձևավորելու դեպքում կուսակցությունը կսկսի համաժողովրդական հանրաքվեով երկրի նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացը: