Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկանը հանկարծամահ է եղել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում Երևանի հիվանդանոցներից մեկում ծննդկան է մահացել:

Հիվանդանոց է մեկնել ոստիկակնության Շենգավիթի բաժնի հերթպահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Հայարփի Ս.-ն է, ով հղիության ընթացքում 1 ամիս ժամկետով գտնվել է այդ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, և այդ օրը առավոտյան, դեռևս անհայտ հանգամանքներում, հանկարծամահ է եղել:

Դեպքի փաստով Շենավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել