Մամուլ

Սպանություն՝ Արագածոտնի մարզի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 10-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որը տեղի չէր ունենա, եթե ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը՝ վարչության պետ Ալիկ Հակոբյանի և ոստիկանության Աշտարակի բաժինը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ տիրապետեին մարզում օպերատիվ իրավիճակին և կարողանային ճիշտ աշխատել գործակալական ցանցի հետ, սակայն մինչ մարզի ոստիկանապետն ու Աշտարակի ոստիկանապետը ծանրութեթև էին անում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանությունն ավելի օպերատիվ և արդյունավետ աշխատեց։

Այսօր ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին ու մինչ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները կբարեհաճեին դեպքի վայր, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ մահացածը Օշական գյուղի բնակիչ 43-ամյա Նորիկ Բաքոյանն է։

 Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում Օշական գյուղի բնակիչ, 25-ամյա Միրզա Խալոյանի կողմից օգտագործվող անասնագոմի հարակից տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Օշական գյուղի բնակիչներ 43-ամյա Նորիկ Բաքոյանի, նրա որդի, 19-ամյա Սուրիկ Բաքոյանի, մյուս կողմից Օշական գյուղի բնակիչ, 25-ամյա Միրզա Խալոյանի, վերջինիս մոտ հովիվ աշխատող, Արմավիրի մարզի բնակիչ, 23-ամյա Սուրիկ Ուսոյանի միջև։

Այդ ժամանակ էլ Ն. և Ս. Բաքոյանները քարերով և փայտով հարվածել են Ս. Ուսոյանին, որից հետո էլ Մ. Խալոյանն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Ն. Բաքոյանի մարմի տարբեր մասերին, ով ստացած վնասվածքների պատճառով մահացել է։

Քրեական Ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, հետո նրանց միացած Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները կասկածյալ Մ. Խալոյանին հայտնաբերել ու տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Կիսվել