Տիգրան Մանսուրյանը տոնում է ծննդյան 85-ամյակը
Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի՝ հունվարի 27-ին Բեյրութում։ 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։
Այսօր հունվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական երեկո։ Համերգին ելույթ է ունենալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
«Իմ պատասխանտու համերգներից մեկն է, անշուշտ։ 85, փառք Աստծո, Աստված ինձ նվիրեց այս տարիքը, այստեղ հասնելու այս ուրախությունը։ Իմ 85-ամյակը կնշվի սիմֆոնիկ համերգով»,- ասաց մաեստրոն։
Տիգրան Մանսուրյանն այն երջանիկ երաժիշտներից է, որոնց ստեղծագործական մղումները, արտացոլումը լինելով ինքնատիպ անհատականության, իրենց բնույթով բովանդակում են հեռանկարային գեղարվեստական սկզբունքներ, ոճական հնարներ:
Ստեղծագործական կյանք մուտք գործելով հայ երաժշտության նոր, մեծ վերելքի շրջանում՝ 60-ական թվականներին՝ Տիգրան Մանսուրյանը, ավանդույթները որդեգրելով, իր ողջ ստեղծագործական աշխատանքում դրսևորեց նորի զգացողությունը:
Կոմպոզիտորի ստեղծագործական ուղու համար ամենից բնութագրականը որոնումների չմարող տենչն է: Նրա գեղարվեստական հետաքրքրությունների շրջանակը լայն է ու բազմակողմանի, տեսադաշտը՝ ընդարձակ: Ժամանակակից մշակույթի ամենատարբեր ուղղությունները նրան գրավել են, աոաջին հերթին, ազգային երաժշտության շրջանակներն ընդլայնելու հնարավորության տեսակետից:
Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ՝ նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։
Մեջբերումներ Տիգրան Մանսուրյանից
Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության։ Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա։ Իմ կարծիքով, հարուստը լռությունն է։
Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը։ Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը։ Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ։
Ինքնարտահայտման միջոց էլ չէ։ Ես եմ։ Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն։ Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն։ Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…
Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է։ Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել