«Ռուսը եկել էր, որ օգներ, բայց հակառակը՝ նրանց կողմն է եղել, ոչ թե մեր կողմը»․ բռնի տեղահանված
Արցախից բռնի տեղահանված Երվանդ Ավանեսյանը Iravaban.net-ի փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո Ծնակալ գյուղի ամբողջ բնակիչները՝ մեծից փոքր, մնացել էին գյուղում․ մտածում էին, որ ոչինչ չեն հանձնելու։
«Մեր ձորը կոչվում է Խաչեն ձոր։ Ոչ մի թշնամի չի կարողացել մոտենալ էդ կողմից, էս անգամ չստացվեց։ Բայց, էս անգամ ոչ թե պարտվեցինք, այլ հանձնեցինք »,- նշում է նա։
Նրա խոսքով՝ իր ընտանիքի չորս տղաներն էլ ծառայել են, իրենք էլ թիկունքն են պահել` նշելով, որ եթե իրենք էնտեղից փախչեին, տղաներն էլ կփախչեին, այդ պատճառով էլ իրենք մնացել էին թիկունքում։
«Անասուն ա, հողամաս ա, զբաղվելիս ենք եղել, որ տարածվեց Ադրբեջանը հարձակվում ա։ Սկսեց գնդակոծությունը, օդային հարձակումը ամբողջ գյուղի վրա։ Ութ խաղաղ բնակիչ ա զոհվել։ Հետո տարածվեց, որ պետք ա տեղահանվենք, ուրիշ տարբերակ չկա։ Մենք էլ ոչ մի բան չենք վերցրել՝ էրեխեքս, հարսս, փոքր տղաս էլ ծառայության էր։ Եկել ա, մեզ տեղափոխել Ստեփանակերտ։ Դե, մենք էլ մտածում էինք՝ նորից հետ կվերադառնանք, էլի։
Ոչ մի բան չենք վերցրել, դատարկ ձեռքով եկել ենք Ստեփանակերտ, երեք օր մնացել ենք էնտեղ, որ պիտի հետ դառնանք, և լուրը եկավ, որ Ստեփանակերտից էլ են տեղափոխում։ Էնտեղից էլ զոռով էկել-հասել ենք էստեղ՝ տուն-տեղ թողած, ամեն ինչը թողած, դատարկ ձեռքով, ուրիշի տանը ապրում ենք՝ վարձով»,- պատմեց Երվանդ Ավանեսյանը։
Ասում է, որ չէին կարող պաշտպանել տարածքը․ օգնություն ոչ մի տեղից չկար, Հայաստանից թույլ չէին տալիս օգնություն ուղարկել, Ադրբեջանն էլ միայնակ չէր՝ կողքին Թուրքիան էր կանգնած։
«Ռուսն էլ եկել է, որպեսզի մեզ օգնի՝ հակառակը, նրանց կողմ է եղել, ոչ թե մեր կողմը, ոչ մի ձայն չի հանել։ Եթե ռուսը ուզեր, չէր թողնի, որ տեղահան լինենք։ Հիմա ժողովուրդը էս ցրտերին տուն-տեղ չունեն, վարձերը շատ բարձր ա, չես կարողանում վարձը տալ, երեխայիդ հոգսը քաշես: Ես ոչ էն 50 000 դրամն եմ ստանում, ոչ թոշակ եմ ստանում։ Տանն էլ ոչ ջուր կա, ոչ լվացքի մեքենա կա, ոչ էլ զուգարան։ Կարևորը լվացքի մեքենան ա, որ էս երեխեքի շորերը մաքուր պահենք, գնում են դպրոց»,- ասում է մեր զրուցակիցը։
Երվանդ Ավանեսյանը նշում է, որ ոչ մի դեպքում հնարավոր չէ վերադառնալ Արցախ և ապրել ադրբեջանական կողմի առաջարկած պայմաններով։
«Էն ժամանակ կգնանք, եթե Ղարաբաղն առանձին կարգավիճակ ստանա, դառնա հանրապետություն։ Առաջինը ես կգնամ, որովհետև իմ ծննդավայրս ա, ես թողել եմ էնտեղ՝ թոռանս, տղայիս, կնոջս»,- ասում է նա։
Մանրամասները՝ Iravaban.net-ի տեսանյութում