Մամուլ

Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը «Վարդա» գիշերային ակումբի սեփականատերն է

Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներից մեկը «Վարդա» գիշերային ակումբի սեփականատերն է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունու փողոցի 6 հասցեում գործող օֆիսներից մեկում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու բաժի պետի օպերատիվ գծով տեղակալը: Պարզվել է, որ ոստիկանության Կենտրանական բաժնում ստացված տեղեկությունները հավաստի էին, նշված հասցեում գործող օֆիսային տարածքի դիմաց ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից արձակված 9 կրակված պարկուճ: 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

varda

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրից քննիչի հանձնարարականով ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Mercedes GL500, Mercedes G և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Տեղում ոստիկանները կրակոցներ արձակելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով պարեկների հետ բերման են ենթարկել ու ոստիկանույթան Կենտրոնական բաժին են տեղափոխել մի քանի քաղաքացիների: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ է Երևանի բնակիչ 44-ամյա Արման Մարտիրոսյանը, ով կասկածվում է իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ օդ կրակոցներ արձակելու մեջ: Բերման են ենթարկվել նաև Երևանի բնակիչներ 18-ամյա Վահան Մ-ն, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արման Մ.-ի որդին է, Երևանի բնակիչ 22-ամյա Երվանդ Ն.-ն, Երևանի բնակիչ 35-ամյա Ընծա Դ.-ն, Երևանի բնակիչ 46-ամյա Արտաշես Ն.-ն, և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացվել Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Զոյա Հ.-ն և Երևանի բնակիչ 30-ամյա Սեդա Օ.-ն, վերջիններս ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք Ա. Մարտիրոսյանը կրակոցներ արձակել է այն զենքից, որը նրան պարգևատրել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ, այժմ Բաքվի մեկուսարանում գտնվող Արայիկ Հարությունյանը:

Ոստիկանությունը ձեռնարկել է նաև օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ձերբակալված Ա. Մարտիրոսյանը Մյասնիկյան պողոտայում գործող «Վարդա» գիշերային ակումբի սեփականատերն է:

Կիսվել