«18-ամյա Ռոբերտը, որպեսզի գերի չընկնի, ինքն իրեն հասցրել է մահացու կրակոց»
«18-ամյա Ռոբերտը, որպեսզի գերի չընկնի, ինքն իրեն հասցրել է մահացու կրակոց»
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Հարգելի՛ բարեկամներ
Այս լուսավոր տղայի՝ Ռոբերտի մասին վերջին օրերին իսկապես չեմ կողմնորոշվում, թե ինչպե՞ս ներկայացնեմ նրա ողբերգական, միաժամանակ՝ հերոսական ոդիսականը։
Խորապես համոզված եմ, որ մեր իրական տեսակը հենց Ռոբերտի՝ ընդամենը 18 տարի ապրած հայորդու տեսակն է։
Ռոբերտ Արմենի Գևորգյանը 2022թ․ հունիսի 27-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ՀՀ ՊՆ N զորամաս։
2022թ․ սեպտեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզում սանձազերծված մարտական գործողությունների հետևանքով, լինելով ընդամենը 2,5 ամսվա զինծառայող, ըստ էության, գտնվել է թիվ N մարտական դիրքում և ներգրավվել մարտական գործողությունների մեջ, այն դեպքում, երբ մինչև վեց ամսվա զինծառայող դառնալը, նա չէր կարող և նրան իրավունք չունեին ընդգրկել մարտական մարտական գործողությունների մեջ:
Բայց առավել ողբերգական ու հեոսական է նրա մահվան հանգամանքը։
Հասկանալի պատճառներով այս պահին չեմ կարող առավել մանրակրկիտ անդրադառնալ այս հարցին, սակայն հարկ եմ համարում արձանագրել, որ ստանալով հրազենային ծանր վնասվածքներ և գտնվելով, ըստ էության, շրջափակման մեջ, Ռոբերտն ինքն իրեն հրազենով մահացու կրակ է արձակել, որպեսզի գերի չընկնի…
Ներկայումս ՀՀ Հակակոռւպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, և ընթանում է նախաքննություն։
Ռոբերտի ծնողների լիազոր ներկայացուցիչն եմ։
Առաջիկայում հնարավորություն կլինի առավել մանրամասն անդրադառնալ այս քրեական վարույթին և դրա ընթացքին։
Խորապես համոզված եմ, որ քանի դեռ զինված ուժերում հանդուրժում ենք թեկուզ աննշան հանցանքներ ու զանցանքներ, քանի դեռ պատասխանատվության ինստիտուտը լիարժեք չի գործում զինված ուժերում, և քանի դեռ ամեն ոք իր արածի համար պատասխան չի տալիս, ցավոք սրտի, մենք ապահովագրված չենք լինելու նման ողբերգություններից․․․
Ինքներս մեր վարքագիծը խմբագրելու անհրաժեշտություն ունենք, ու մենք պետք է սթափվենք․․․
Պետք է անհանդուրժողական լինենք անպատժելիության, անպատասխանատվության, հանցավորության ու սանձարձակության նկատմամբ․․․
Մեր երկրում օրենքը պետք է գործի բոլորի համար, և հանցագործը պետք է պատժվի, անկախ նրանից թե ով է․․․
Խոնարհումս քո լուսավոր հիշատակի առաջ, հզո՛ր տղա․․.»: