Հայ գիտնականները կանխատեսել են մեր տարածաշրջանում սեյսմիկ անոմալ դրսևորումները. «պրոցեսը դեռ շարունակվում է»
Հայ գիտնականները կանխատեսել են մեր տարածաշրջանում սեյսմիկ անոմալ դրսևորումները. «պրոցեսը դեռ շարունակվում է»
News.am-ը գրում է․ ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը 2013-2018 թթ. ընթացիկ սեյսմիկ մշտադիտարկման տվյալների հիման վրա արձանագրել է ՀՀ և հարակից տարածքներում սեյսմիկ ակտիվության, սեյսմիկության անոմալ դրսևորումների մասին, որոնք հրատարակվել են ՀՀ ԳԱԱ տարեկան հաշվետվություններում, ինչպես նաև ներկայացվել են տարբեր միջազգային համաժողովներին, այդ թվում (European Geosciences Union, 2023):
Ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը News.am-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, նաեւ մեր տարածաշրջանում երկրաշարժերի վերջին ակտիվացումները հաստատում են իրենց հետազոտության արդյունքները:
«Մեր ինստիտուտում գործում է երկրաշարժերի նախազգուշացման լաբորատորիա, որտեղ հիմնական գիտական ուղղություններից մեկը սեյսմիկության տարածաժամանակային ուսումնասիրություներն են, այսինքն թե տարածության ու ժամանակի մեջ ինչպես է դրսեւորվում սեյսմիկ իրավիճակը:
Դրա հիման վրա 2013-2018 թվականների ընթացիկ սեյսմիկ մշադիտարկման տվյալների հիման վրա արձանագրել ենք, որ Հայաստանում եւ հարակից տարածքներում, Տավրո-Կովկասյան տարածքում նկատվում է սեյսմիկ ակտիվություն, սեյսմիկության անոմալ դրսեւորումներ, որոնք մենք ներկայացրեցինք ԳԱԱ տարեկան հաշվետվություններում: Դրանք տպագրվել են 2019-ին:
Դրանից հետո արդեն մաթեմատիկական, երկրաֆիզիկայի եւ գեոինֆորմատիկայի լաբորատորիայի գիտական խումբը կիրառելով մաթեմատիկական մոդելավորման մեթոդները ավելի լուրջ ուսումնասիրություններ է իրականացնել, որոնց արդյունքում կարողացանք առանձնացնել կոնկրետ տարածքային անոմալ դրսեւորումների գրեթե բոլոր տարատեսակները, որոնք արտահայտվում են Տավրո-կովկասյան տարածքում:
Տավրո-կովկասյան սեյսմիկության լոկալ եւ ռեգիոնալ սեյսմիկության անոմալ դրսեւորումների վերաբերյալ մեր զեկույցը ընդունվեց եվրոպական հայտնի «European Geosciences Union» միջազգային համաժողովի կողմից: Համաժողովը լինելու է ապրիլին, մենք գրավոր ներկայացրել ենք աշխատանքը, որն ընդունվել է»,-ասաց նա:
Ջոն Կարապետյանը հավելեց, որ եթե համեմատեք իրենց 2021-2022 թվականների թույլ երկրաշարժերից բարձր երկրաշարժերի տարածաժամանակային ուսումնասիրությունները, կտեսնենք այս տարածաշրջանում երկրաշարժերի համախմբվածություն:
«Այդ համախմբվածությունը հստակ երեւում է, երեւում է նաեւ Իրանի տարածքում: Եթե համեմատեք Թուրքիայում հետցնցումային պրոցեսի զարգացման ընթացքը, կտեսնեք, որ նույն ուղղությամբ է գնում ձգվածությունը: Հետցնցումային ընթացքը դեռ գնում է, որը կարող է տարիներ տեւել:
Թուրքիայի վերջին երկրաշարժի ժամանակ գրունտների արագացումների առավելագույն արժեքը կազմել է 2000 սմ/վայրկյան քառակուսի: Դա գրեթե 4 անգամ գերազանցում է հիմիկվա գործող երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերում բերված սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզներում գոտիավորված արժեքները:
Հիմա լուրեր են տարածվում, որ վտանգ չկա, ամեն ինչ նորմալ է, բայց Տավրո-կովկասյան տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության անոմալ դրսեւորումներն արտահայտվել են ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլեւ Իրանի տարածքում, Հայաստանի հյուսիսում, Ջավախքի տարածքում, արտահայտվել է Շորժայի մասում, նաեւ Ադրբեջանի տարածքում: Պրոցեսը դեռ շարունակվում է:
Փաստորեն տեղի է ունենում երկրաշարժերի փոխկապակցվածություն եւ երկրաշարժերի լարվածադեֆորմացիոն վիճակի տեղաբաշխում: Մենք դա 2021-ից նկատում ենք»,-ընդգծեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում