Վանեցյան եղբայրները պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն
Վանեցյան եղբայրները պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 13-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Աբովյան փողոցում չթույլատրելի, ոչ երթևեկելի մասում՝ մայթին, նկատել են Honda մակնիշի կայանված ավտոմեքենա:
Պարեկները որոշ ժամանակ վարորդին հորդորել են, որպեսզի ավտոմեքենան հեռացնի նշված վայրից, սակայն վարորդն ու ուղևորը ոչ միայն չեն ենթարկվել պարեկների օրինական պահանջին, այլև հրաժարվել են ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, ապա սկսել են հարվածներ հասցնել պարեկներին և վնասել պարեկային ծառայության ավտոմեքենայի դուռը:
Տեղում որոշվել է նշված անձանց բերման ենթարկել և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Երևան քաղաքի բնակիչներ, եղբայրներ, 22-ամյա Ս. Վանեցյանը և 17-ամյա Դ. Վանեցյանը:
Վերջիններս ոստիկանությունից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժին, որտեղ Ս. Վանեցյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Դ. Վանեցյանը բաց է թողնվել: