Էրդողանը Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է. Զելենսկի
Էրդողանը Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է. Զելենսկի
Աշխարհում շատ չեն առաջնորդները, որոնք հնարավորություն ունեն ազդեցություն գործելու Ռուսաստանի հետ բանակցությունների գործընթացի վրա, եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պետության հենց այդպիսի ղեկավար է։
Այս մասին օտարերկրյա ԶԼՄ-ների համար հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացրել է Gordon.ua-ն։
«Անկեղծ ասած՝ բոլոր մանրամասները չեմ հիշում, թե ով է Թուրքիայի ներկայացուցիչներից ասել այդ մասին։ Անձամբ նախագահ Էրդողանի հետ մենք հզոր անձնական հարաբերություններ ունենք։ Շատ լավ հարաբերություններ։ Շատ ջերմ հարաբերություններ։
Նա օգնում է։ Հարցը միայն դրոնները չեն, այն, որ մենք այնտեղ դրոններ ենք գնել. դա մեծ օգնություն է։ Շատ հարցեր կան, երբ Էրդողանը օգնել է Ուկրաինային, ես նրան շատ շնորհակալ եմ։ Քաղաքական մակարդակով նույնպես նա շատ քայլեր է անում, որպեսզի Ռուսաստանի նախագահը հասկանա, որ պետք է ավարտել պատերազմը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը համոզված է, որ Էրդողանը լրջորեն ազդում է համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության վրա, դրա համար էլ ակնկալում է նրա օգնությունը։
«Աշխարհի շատ առաջնորդներ չեն, որ ունեն այդ հնարավորությունը։ Շատերը կուզենային, բայց քչերը նման հնարավորություն ունեն։ Պետք է լուրջ, հզոր, ազդեցիկ պետություն լինել ամեն ինչի՝ աշխարհաքաղաքականության եւ համաշխարհային տնտեսության վրա ազդելու համար։
Էվ Էրդողանն այդպիսին է։ Նա շատ ամուր է, նա շատ լուրջ նախագահ է, եւ նա օգնում է։ Ուստի ես նրան հարցեր չունեմ տալու,- ասել է Ուկրաինայի նախագահը։- Ես կարծում եմ, որ նա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է, եւ նա հաստատ այդպիսին կլինի երկրների այն շրջանակում, որոնք պետք է անվտանգության երաշխիքներ տան Ուկրաինայի համար։
Երբ մենք Ռուսաստանի նախագահի հետ նստենք բանակցությունների սեղանի շուրջ, ես դրան հավատում եմ, անվտանգության հենց այդ երաշխիքները պետք է ստանա Ուկրաինան։ Ուստի նա կազդի այդ գործընթացի վրա։ Ես դրան շատ եմ հավատում»։