Մահվան ելքով վրաերթ Երևանում․ Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա ժամեր անց հիվանդանոցում մահացել է
Մահվան ելքով վրաերթ Երևանում․ Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա ժամեր անց հիվանդանոցում մահացել է
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, օգոստոսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արշակ Աթոյանը Կոմիտասի 40/2 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 70 տարեկան, դեռևս անձը չպարզված տղամարդու։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանի գլխավորությամբ և Երևանի 1-03 շտապօգնության մի քանի խմբեր։
Բժիշկները կենաց-մահու պայքար տանելով, վրաերթի ենթարկվածին գիտակցության բերեցին, ապա տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մինչ բժիշկների ժամանումը երիտասարդ մի տղա է վրաերթի ենթարկվածին օգնել, սահմանազատել է տարածքը, որպեսզի կրկնակի վրաերթի չենթարկվի։
Իսկ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։
Դեպքի վայրից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև Երևանի բնակիչ 27-ամյա Անդրանիկ Գինոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենան, քանի որ կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենան նույնպես մասնակցություն է ունեցել դեպքին։
Դեպքի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։
Այսօր, ժամը 07։00-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։