Մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ՝ այս չարիքի դեմ պայքարում․ Արա Սաղաթելյան
Մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ՝ այս չարիքի դեմ պայքարում․ Արա Սաղաթելյան
Hraparak.am-ը գրում է․ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, Միքայել Մինասյանի թիմակից ու, ըստ տեղեկության, առաջիկա հավանական ընտրություններում Մինասյանի ձեւավորած հավանական թիմի նախընտրական ցուցակը գլխավորող Արա Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ Մինասյանն ու իր թիմն աջակցեն Ռոբերտ Քոչարյանին:
Եվ սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ խոսվում էր, որ Մինասյանն աշխատում էր Քոչարյանի դեմ, ներքաղաքական խնդիրներ ունեին եւ, մեղմ ասած, համախոհներ չէին:
«Ինձ հասկանալի է, թե որտեղից էին այդ զրույցները: Եթե Դուք ուշադիր լինեք, ինքներդ էլ կարող եք դատել՝ որպես քաղաքական թեմաներով գրող լրագրող, ապա քաղաքական տարբեր բուրգերի պարագայում ինչքան բուրգի գագաթից իջնում են հարաբերությունները, այնքան մասնակիցներն ավելի հակադրվում են:
Մեր թիմը երբեք չի աշխատել Ռոբերտ Քոչարյանի թիմի դեմ, ճիշտ հակառակը` մեր թիմը միշտ եղել է Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ ներդաշնակ այս չարիքի դեմ պայքարում: Ուզում եմ նաեւ անդրադառնալ նրան, որ Միքայել Մինասյանը շատ հստակ նշել է, որ անկախ իր նախկինում անցած ճանապարհից՝ եղել են ընկերներ, թե հակառակորդներ, եղել են նեղացած, թե վիրավորված, մենք ենք եղել նեղացած, թե վիրավորված, մենք բոլորի հետ ենք, ով Նիկոլի դեմ է:
Փաստացի մենք գիծ ենք քաշում եւ ասում՝ մենք բոլորի հետ ենք, ով դեմ է այս արհավիրքը բերող, այս նռնակով կապիկին»,- ասաց Արա Սաղաթելյանը:
– Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, դեմ է Նիկոլ Փաշինյանին: Կարո՞ղ ենք սրանից ենթադրել, որ Միքայել Մինասյանը եւ իր թիմը չի բացառվում, որ կաջակցեն Քոչարյանին:
– Աջակցելու ենք բոլորին, ով պայքարում է Նիկոլի դեմ, իսկ հնարավոր նախընտրական գործընթացների մասով քննարկում չենք ունեցել։
– Իսկ ֆորմալ առումով դաշինք Քոչարյանի հետ հնարավոր համարո՞ւմ եք:
– Ես այս պահին որեւէ դաշինքի կամ մեր մասնակցության մասին՝ քաղաքական պրոցեսների, թե կուսակցական պրոցեսների մասով, տեղեկություն հայտնել չեմ կարող: Մեր` դասական իմաստով մասնակցության, այսինքն՝ մեր ցուցակով մասնակցելու եւ քվեարկվելու մասով այս պահին ոչինչ չկա, չկա անգամ քննարկում: Այս պահին մեր պատկերացրած մասնակցությունը մեր ուժերի չափով բոլոր ընդդիմադիրներին օգնելն է:
– Դուք մտերիմ հարաբերություններ ունեք, օրինակ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ, որը «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է հիմնել, նաեւ՝ այլ քաղաքական դերակատարների հետ: Հնարավո՞ր է համագործակցություն նաեւ նրանց հետ, կամ՝ ինչո՞ւ չփորձեցիք նրանց միջոցով մտնել քաղաքականություն:
– Առաջինը պետք է փաստենք, որ ես շատ կոնկրետ թիմի անդամ եմ եւ շատ վաղուց: Այսինքն՝ Միքայել Մինասյանի հետ մենք մանկության ընկերներ ենք, եւ, բացի այդ, իմ ակտիվ գործունեությունը կարող եք տեսնել 2008 թվականից, Միքայել Մինասյանի կողմից: Այո, իմ ընկերներն են ե՛ւ Վահեն, ե՛ւ Արթուրը, ես միշտ իրենց կողքին եմ այնքանով, որքանով նրանք որպես գործիչ այս իշխանությունը զավթած խմբակի դեմ են գործում:
Բայց կհամագործակցենք մենք որեւէ մեկի հետ, թե չենք համագործակցի, կգնանք բլոկով, թե պարզապես կօգնենք, դա հայտնի կլինի, երբ որ հայտարարեն՝ կլինե՞ն ընտրություններ, թե՞ ոչ: Հիմա փաստացի դուք տեսնում եք, որ մենք բարիկադների մի կողմում ենք բոլոր նրանց հետ, ովքեր փորձում են երկիրն ազատել էս արհավիրքից:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում