Մամուլ

12-ամյա տղան հեծանիվով բախվել է պատին․ երեխան հիվանդանոցում մահացել է

Գյումրիի «Սև բերդ» ամրոցի տարածքում հեծանիվ վարելիս կառավարումը կորցնելու և պատին բախվելու հետևանքով 12-ամյա Վ. Ա.-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Oragir.News-ի փոխանցմամբ՝ երեկ Գյումրիում արձանագրվել է ողբերգական պատահար։ 12 տարեկան Վ. Ա.-ն «Սև բերդ» ամրոցի տարածքում հեծանիվ քշելիս կորցրել է հավասարակշռությունը և հարվածել պատին, ինչի պատճառով ստացել է մահացու վնասվածքներ։

Երեխային տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել։

Վ. Ա.-ն Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչ էր և ընտանիքի կրտսեր որդին։

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը Oragir.News-ի հետ հարցազրույցում հայտնել է կատարվածի մանրամասները։

«Երեկ՝ ժամը 11:10-ին, հիվանդանոց է տեղափոխվել հոգեվարքի վիճակում՝ պոլիտրավմայով և գլխուղեղի բաց վնասվածքով։ Նրա ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին»,- հայտնել է Խաչատրյանը։

12-ամյա տղայի մահվան մասին հայտնում է նաև Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի պաշտոնական էջը։

Կիսվեք ձեր էջում