Մամուլ

«Տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»․ անմահացած Վահե Եղիկյանի վերջին խոսքը

«Տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»․ անմահացած Վահե Եղիկյանի վերջին խոսքը

ԼՈՒՐԵՐ․com-ը գրում է․ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հավերժացած հերոսների շարքին դասվեց նաև 19-ամյա Վաhե Եղիկյանը՝  իր կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը և կիսատ թողնելով նպատակներն ու երազանքները։ Հաղթանակի օրն էր ծնվել, հանուն հաղթանակի էլ անմահացավ։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Վաhե Եղիկյանի մայրը՝ Կարինե Մուրադյանը, սրտի կսկիծով նշում է՝ որդուն մի քանի ամիս էր մնացել, որ զորացրվեր, բայց այլևս կմնա նրան սպասելով․ «Ասում էի՝ Վահիկս, բան չմնաց, 9 ամսից պրծնում ես, ասում էր՝ ում համար 9 ամիս, ում համար մի հղիություն»:

Վահեի զոհվելու հստակ օրը հարազատներն այդպես էլ չեն կարողանում իմանալ, դաժան լուրին չեն կարողացել հավատալ, երկարուձիգ օրեր փնտրել են, մինչև գտնել են նրա մարմինը։ 

«Իր ընկերներից մեկը՝ Շալիկոն, որը փորձել է փրկել Վահեիս, պատմում է, որ սեպտեմբերի 30-ին ծնկից վիրավորվել է, բայց վիրակապվելուց հետո վերադարձել է դիրքեր, շարունակել է մասնակցել կռվին: Կրտսեր սերժանտ էր, դիրքի ավագ, տղաներին չի ուզել մենակ թողնի: Երբ թշնամին փորձել է գրավել դիրքը, հետ են նահանջել, այդ պահին արկը ընկել է մոտը՝ տարբեր վնասվածքներ հասցնելով:

Վահե Եղիկյան

Շալիկոն փորձել է ուսին գցել, տանել, բայց հասկանալով, որ չի կարողանում, պառկեցրել է գետնին։ Վրան են բերել, որ Վահեիս դնեն վրան, մի քանիսով բռնեն, տանեն բուժկետ, բայց Վահիկս վերջին խոսքերն է ասել՝ «տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»: Իհարկե, ընկերները չեն թողել, բայց մինչև կփորձեին հասցնել բուժկետ, Վահես արնաքամ է եղել  ու փակել աչքերը։ 25 օր բոլորս իրեն էինք փնտրում, գտնելը շատ դաժան էր… ինքը հատուկ արեց, որ ես սովորեմ էդ մտքին»,- պատմում է հերոսի մայրը։ 

Մոր սփոփանքը որդու ժամացույցն է․ զգում էր՝ այն կա ու ամեն գնով կարողացավ գտնել։ Մայրը պատմում է՝ երբ որդին արձակուրդ էր եկել, ժամացույց էր նվիրել նրան: Ընկերներն ասում են՝ համազգեստը, վարտիքը, ամեն ինչ նվիրում էր զինակից ընկերներին, բացի ժամացույցից․ «Ասացին մինչև մահվան վերջին պահը ժամացույցը ձեռքին է եղել:

Փորձեցի գտնել, նախորդ օրը արյունոտ ժամացույցը հասավ ինձ: Ո՜նց էի զգում, որ էդ ժամացույցը կա: Տեսիլք էի տեսել, սկզբից էլ գիտեի, որ ինքը չկա, բայց փորձում էի ինձ համոզել, որ ինքը կա ու փնտրում էի իրեն: Իրականում ինքը կա, իմ մեջ է, ես չեմ զգում իր պակասը: Հուղարկավորությանը ես այնքան հպարտ էի, չէի լացում, վեհություն էի զգում, որովհետև զգում էի՝ ինքն էլ է ուրախ ու ժպտում է:

Վահե Եղիկյան

Չեմ կարող նկարագրել, թե ինչ գերբնական ուժ էր իջել վրաս: Մեծ շրջապատ ուներ, այնքան մարդ եկավ իրեն հրաժեշտ տալու, որ ապշել էինք, թե ինչքան մարդ գիտեր իրեն։ Փառքով ճանապարհեցինք Վահիկիս․․․»։

Մայրը որդու հետ վերջին անգամ խոսել է սեպտեմբերի 27-ին, հայրն էլ դեպքից մեկ օր առաջ էր խոսել․ «Զանգեցի, սապոգների ձայնն էր լսվում ու շնչակտուր քայլելը, վերցրեց արագ ասաց՝ «մամ, սաղ լավ ա, կզանգեմ»: Ամսի 29-ին էլ հայրիկի հետ է խոսել: Ամուսինս հարցրել է՝ ինչ է էդտեղ կատարվում, ասել է՝ «ամենաուժեղ կռիվ կինոները ոնց են, էդ ա»:

Շատ բան չէր պատմում, հատկապես ինձ փորձում էր չզանգել, երևի խնայում էր, որովհետև իր ձայնից միանգամից մատնվում էր, որ ինչ-որ բան այն չէ»,- ասում է Վահեի մայրը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով