Մամուլ

Սարգիս Ստեփանյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Սարգիս Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Մեծարգո վարչապետ,

Մենք՝ մարտական ծառայություն անցած վիրավոր զինծառայողներիս, մեր զայրույթն ու վրդովմունքն ենք հայտնում օրերս համացանցում հայտնված տեսանյութում առաջին փոխվարչապետի մամլո խոսնակի կողմից թույլ տրված անհարգալից ձևակերպումների կապակցությամբ: Հարցը հատկապես սրվում է, երբ նման անպատասխանատու արտահայտություններ թույլ են տալիս պետական ապարատի ներկայացուցիչները, և չեն արժանանում պատշաճ գնահատականի իրենց վերադասների կողմից:
Չենք ցանկանում ենթադրել, որ դա պետության և նրա կոնկրետ այրերի դիրքորոշումն է: Ուստի ակնկալում ենք անձամբ Ձեր պաշտոնական գնահատականը:

Ինչպես նաև, հաշվի առնելով, որ նշված պերսոնան հանդիսանում է առաջին փոխվարչապետի մամլո խոսնակը, պահանջում ենք Արարատ Միրզոյանից ներողություն խնդրել մեր նահատակ եղբայրների և մասնավորապես՝ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար վիրավորում ստացած բոլոր տղաներից՝ իր մամլո խոսնակի արտահայտությունների համար, բնականաբար՝ վերջինիս պաշտոնանկ անելուց հետո միայն:

Լիահույս ենք, որ Դուք ևս կիսում եք մեր կարծիքն առ այն, որ մեր Սրբազան Երկիրը ՝ կործանվող, Սրբերին՝ դեգենեռատ, Ազգին՝ լալկան, Հերոսին՝ անուղեղ անվանող պերսոնան, ով իր անթաքույց զզվանքն է արտահայտում հայկական գեների հանդեպ, ոչ միայն տեղ չունի Հայաստանի Հանրապետության կառավարության մեջ, այլև նման վերաբերմունքը պետք է պետական ամենաբարձր մակարդակով խստորեն դատապարտվի և արմատախիլ արվի Հայկական նոր իրականությունից:

Հայրենիքի ԳԻՏԱԿՑՎԱԾ պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած մարտական ընկերներ:

Share