ՄամուլՏեսանյութ

Ջահերով բազմահազարանոց երթն անցնում է Երեւանի կենտրոնական փողոցներով (Տեսանյութ)

Ջահերով բազմահազարանոց երթն անցնում է Երեւանի կենտրոնական փողոցներով (Տեսանյութ)

Հանրապետության հրապարակից  քիչ առաջ մեկնարկեց ջահերով երթը: Երթը բազմամարդ է, առաջին շարքերն այս պահին Մաշտոցի պողոտայում են, սակայն վերջին շարքերը դեռ Ամիրյան փողոցում են: Նշենք, որ երթին մասնակցում են ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը:

«Զարթնիր լաո» կարգախոսով երթի առջեւից քայլում են հոգեւորականները: Հանրապետության հրապարակում մինչեւ երթի սկսվել ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահն Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ, նշելով, որ 1999 թվականից ամեն տարի անցկացվող երթն  այս տարի վերաիմաստավորվել է, քանի որ  գոյութենական վտանգների առջեւ ենք:

«Սա դիմադրության վճռական երթ է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա հրապարակից դիմեց Արցախում եւ Սփյուքում ապրող հայությանը` կոչ անելով միասնական պայքարի:

«Մեր վճռական ներկայությունը, զինվորագրումը գրավական ու ապացույցն է, որ դուք մենակ չեք։ Մայր Հայրենիքը ձեռքերը չի լվացել Արցախից։ Սա է հայության կարծիքն ու որոշումը, ոչ թե մի քանի իշխանավորների թուրքական թեզերով հայտարարությունները։

Մենք  միասին ենք, մեկ բռունցք, մեկ ուժ։ Վերջապես դիմում եմ մեր ջահակիր երիտասարդությանը, որոնցից շատերը 2020-ին ջահի փոխարեն զենքն էին բռնել։ Դիմում եմ նրանց միացած մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, մեր բոլոր քաղաքացիներին։ Զանգը հնչել է՝ սա նոր Սարդարապատի, նոր Բաշ Ապարանի, նոր զարթոնքի զանգն է։

jaherov ert poxocnerov 2

Մեզանից, մեր միասնությունից, վճռականությունից, մինչեւ վերջ  գնալու մեր կամքից է կախված, թե հետագա սերունդներն ինչպես կարտահայտվեն 2020-ակականներին ապրածներիս մասին։

Կլինե՞նք համարձակ, միասնական, ըմբոստ, մեզ կհիշեն որպես պատմության անիվը շրջած հաջորդ սերունդներին ապրելու, արարելու հայրենիք փոխանցած սերունդ։ Եթե ոչ՝ վախկոտի խարանը բոլորիս շիրիմների վրա է լինելու։Հանդուրժելո՞ւ ենք այդպիսի ճակատագիր։

Ոչ։ Ուրեմն ունենք մեկ ուղի՝ մեզ հետ պայքարի ենք հանում մեր հարեւանին, ընկերոջը, բարեկամին, համագյուղացուն։ Համահայաստանյան զորաշարժ ու դիմադրություն։Վստահ եմ՝ այն բերելու է հաղթանակ»,-ասաց նա։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում