Մամուլ

Պուտինը որոշեց լրջորեն զբաղվել Հայաստան-Ադրբեջան գործընթացով

Պուտինը որոշեց լրջորեն զբաղվել Հայաստան-Ադրբեջան գործընթացով

168.am-ը գրում է․ Հայաստան-Ադրբեջան բրյուսելյան գործընթացի ու Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպման տապալման ֆոնին շարունակվում են Պուտին-Ալիև ինտենսիվ բանակցությունները։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ունեցել են 3 հանդիպում, որոնցից վերջինը՝ երեկ։

«Քննարկվել են հետագա քայլերը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի ամբողջ փաթեթի իրականացման ուղղությամբ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական խնդիրների վրա»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Պուտին-Ալիև նախորդ երկու հեռախոսազրույցները տեղի էին ունեցել նոյեմբերի 17-ին ու նոյեմբերի 22-ին, որի վրա ավելի վաղ ևս 168․am-ը ուշադրություն էր հրավիրել։

Հարկ է նշել, որ վերջին երկու զրույցների միջև նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահն աշխատանքային այց կատարեց Երևան ՀԱՊԿ ղեկավարների մակարդակով նեղ և ընդլայնված կազմերով նիստերին մասնակցելու նպատակով, որի ընթացքում իր գլխավոր ելույթում հույս հայտնեց, որ Երևանն ու Բաքուն, ի վերջո, կհասնեն Խաղաղության համաձայնագրի ստորագրման։

Խաղաղության համաձայնագրից Երևանում խոսեց նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Իսկ նոյեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, ով նոյեմբերի կեսերին Հայաստանում էր, մեկնել էր Ադրբեջան:

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Բաքվում գտնվող Իգոր Խովաևը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի խնդիրները:

Նա նաև ասել էր, որ Խաղաղության պայմանագրի թեման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված մյուս հարցերը բավական բարդ բնույթ են կրում, հետևաբար, Մոսկվան նպատակահարմար չի համարում մեկնաբանել կողմերի դիրքորոշումները, մինչև հստակ պայմանավորվածություններ ձեռք չբերվեն:

Ռուսական միջնորդության ակտիվությանը զուգահեռ՝ նախօրեին էլ պարզ դարձավ, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատրաստվում էր դեկտեմբերին կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպում Բրյուսելում։ Այս հանդիպումն ըստ ամենայնի տեղի չի ունենա, քանի որ Իլհամ Ալիևն ասել էր, թե Նիկոլ Փաշինյանը պայման է դրել, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցի հանդիպմանը, որին Ալիևը դեմ է Ֆրանսիայի, այսպես ասած, առավել հայամետ դիրքորոշման պատճառով։

ՀՀ ԱԳՆ-ն ըստ էության չհերքեց այս տեղեկատվությունը՝ նշելով, թե նախորդ հանդիպումը Պրահայում է եղել, որտեղ էլ ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի, և ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը, և խաղաղության գործընթացն իրականության հետ որևէ աղերս չունեն։

Մի շարք վերլուծաբանների պնդմամբ, պաշտոնական Երևանի այս պարզաբանումը անհասկանալի է, քանի որ մինչ Պրահայի քառակողմ հանդիպումը գործընթացը հիմնականում տեղի էր ունենում Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Այնուամենայնիվ, չնայած Բրյուսելյան հանդիպումը տապալվում է, իսկ Մոսկվան ու Բաքուն ակտիվ բանակցում են, ըստ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Մոսկվայի միջնորդությամբ բարձրաստիճան հանդիպում դեռ չի նախատեսվում։

Ուշագրավ էր նաև նախօրեին ռուսական պաշտոնական Կրեմլինում հայտնված մեկ այլ տեղեկություն ևս՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ երկրի համար կարևորագույն այլ հարցերի թվում քննարկել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած գագաթնաժողովը և Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումը:

«Խոսելու բան կա՛: Գիտենք, որ ես բոլորովին վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը: Բազմակողմ ձևաչափով և հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ՝ այնտեղ կար մի քանի հարց, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում, խոսենք նաև այդ մասին»,- ասել է Պուտինը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով